Թանգարանային ոլորտում նախատեսվում են ակտիվ բարեփոխումներ. Ժաննա Անդրեասյան
Մշակույթ
18:15 28/12/2022

Թանգարանային ոլորտում նախատեսվում են ակտիվ բարեփոխումներ. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ: Նախարարին ուղեկցել է ոլորտը համակարգող փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 

Ժաննա Անդրեասյանն ասել է, որ թանգարանային ոլորտում նախատեսվում են ակտիվ բարեփոխումներ, որոնք մասնավորապես վերաբերում են օրենսդրական կարգավորումներին, կառավարման և ֆինանսավորման համակարգերում նոր գործիքների ներդրմանը, էլեկտրոնային տոմսային միասնական քաղաքականության մշակմանը: Այդ գործընթացներում նախարարն ընդգծել է յուրաքանչյուրի ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը:

«Չնայած բոլոր դժվարություններին՝ այն ամենը, ինչ կարևոր է մեր երկրի զարգացման համար, միասին պետք է դարձնենք իրականություն: Վստահ եմ՝ աշխատելու ենք որպես միասնական թիմ. նախարարությունը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և փաստել, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում մշակութային միջավայրի բարելավման աշխատանքներին, ինչը բոլոր թանգարաններում պետք է ապահովվի:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է կառավարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում և Պատմության թանգարանում իրականացվող աշխատանքները, որոնց ավարտը նախանշվում է գալիք տարում:
 

Placeholder