Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պետությունը 2.5 մլրդ դրամ հատկացրեց ՀՀ-ում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացմանը
«Այսօրվա նախագիծն աննախադեպ է, դրանով առաջարկում ենք 2022 թվականի բյուջեն ավելացնել 2.5 մլրդ դրամով և այդ միջոցներն ուղղել ՀՀ-ում ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման ծրագրին»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ կկառուցվի միջազգային ստանդարտներին համապատասխան 4 ֆուտբոլի դպրոց Երևանի, Արարատի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում` արհեստական կամ բնական խոտածածկերով, անհրաժեշտ բոլոր շինություններով, փակ մարզադահլիճներով, և երեխաների համար ֆուտբոլ խաղալը կդառնա ավելի հասանելի։
«Սա վերաբերում է ոչ միայն տղաներին, այլև աղջիկներին, որովհետև այստեղ, իհարկե, գործելու են նաև աղջիկների ֆուտբոլային թիմեր, որոնք կմասնակցեն մեր տարբեր առաջնություններին»,-հայտնեց նախարարը։
Անդրեասյանը հայտնեց, որ Մարտունու մարզադաշտի դեպքում արդեն պայմանավորվածություն է ձեռք են բերվել և մարզադպրոց-մարզադաշտի կառուցումից հետո «Ալաշկերտ» ակումբը տեղափոխվելու է Մարտունի և հանդես է գալու տեղի մարզադաշտում, իսկ Տավուշի մարզում ֆուտբոլի դպրոցը կկառուցվի Իջևան քաղաքի Արնար մարզադաշտի տարածքում։
ԿԳՄՍ նախարարը պարզաբանեց, որհատկացվող գումարը նախագծման ու շինարարության աշխատանքների նախնական արժեքի միայն 50 %-ն է։
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրեց, որ ծրագրում ընդգրկված են նաև 6 հաստատություններ՝ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցը, Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը, Գեղավեստական մարմնամարզության մարզադպրոցը, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը։