Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝  միջազգային խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ կոչին
Քաղաքական
14:52 29/12/2022
Աշխարհ

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ միջազգային խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ կոչին

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի կոչը՝ միջազգային խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե լինի երկու կողմերի համաձայնությունը, հակամարտության երկու կողմերի, և դա ոչ միայն Հայաստանն է, այլ նաև Ադրբեջանը: Դուք գիտեք, որ Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից մեկն է, իսկ Ադրբեջանը մեր շատ արժեքավոր և սիրելի գործընկերն է»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և մտադիր է հետագայում էլ շարունակել իր միջնորդական ջանքերը. «Կատարում է առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմունքներով»։

ՌԴ նախագահի մամուլի քարոտւղարն ասել է նաև, որ Լաչինի միջանցքի թեման շատ մանրամասն քննարկվել է երկու օր առաջ Սանկտ Պետերբուրգում Պուտինի և Փաշինյանի հանդիպման ժամանալ։

«Այս թեմայի շուրջ քննարկումները կշարունակվեն։ Մեզ անհանգստացնում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված լարվածությունը։ Ռուսական կողմը կշարունակի իր աշխատանքն ու ջանքերը թե՛ Երևանի հետ, թե՛ Բաքվի հետ շփումներում»,- ասել է Պեսկովը։

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Եթե ՌԴ-ն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ապահովել կայունությունն ու անվտանգությանը ԼՂ-ում, կարծում եմ, ինքը պետք է քննարկում նախաձեռնի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ ԼՂ լրացուցիչ բազմազգ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարց բարձրացնի: Նման հարցադրում ծագում է նաև այն պատճառով, որ  Լաչինի միջանցքի փակումը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժելու առաջին դեպքը չէ, սրան նախորդել են 2022 թվականի մարտին Փառուխի իրադարձությունները և 2020 թվականի դեկտեմբերի Խծաբերդի իրադարձությունները, որի հետևանքով ՀՀ շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ շարունակում են մնալ գերեվարված»։ 

Placeholder
Կրեմլն արձագանքել է Փաշինյանի՝ միջազգային խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ կոչին