Արցախի Լուսաձոր համայնքի փոքրիկ խանութը գրեթե դատարկվել է․ պատգամավորները հանդիպել են բնակիչներին
Քաղաքական
09:52 05/01/2023

Արցախի Լուսաձոր համայնքի փոքրիկ խանութը գրեթե դատարկվել է․ պատգամավորները հանդիպել են բնակիչներին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչները այսօր՝ հունվարի 4-ին, հանդիպել են Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստանի համայնքների բնակիչների հետ: Այս մասին գրում է Արցախպրեսը՝ հղում անելով Արցախի Հանրային հեռուստատեսությանը, որի  հաղորդմամբ՝ արդեն 24 օր Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղու փակ մնալու հետևանքները Ասկերանի շրջանի Խնածախ համայնքնում զգում են բոլորը:

Խնածախի բնակչուհի Ելիզավետա Դանիելյանը նշել է, որ ունեն նույն մտահոգությունները ինչպես բոլոր արցախցիները՝ կենցաղային հոգսեր, հիվանդների բուժման հետ կապված խնդիրներ  և այլն:

Ըստ նրա համագյուղացի Մհեր Նիկողոսյանի՝  չնայած գյուղացիններն անասուններ,  թռչուններ են պահում և իրենց որոշակի տնտեսությունն ունեն, սակայն պարենային որոշ ապրանքների պակասություն, այնուամենայնիվ, զգացվում է:

Ինչպես Խնածախում, այնպես էլ Այգեստանում տեղի բնակչությունը խորհրդարանի ու կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր   առաջարկներն է ներկայացրել:

Հադրութից տեղահանված Անուշ Մայիլյանը  Լուսաձոր համայնքում  փոքրիկ խանութ է բացել: Շրջափակման հետևանքով  այն գրեթե դատարկվել է:

«Ներկա պահին խանութում չկա շաքարավազ, ձավարեղենի տեսականի, որը ներկա պահին ժողովրդին շատ է անհրաժեշտ: Քաղցրավենիքով, լվացքի փոշիով կարողանում եմ օգնել ժողովրդին»,-ասել է Անուշ Մայիլյանը:

Նրա խոսքով՝ խանութը պակասող ապրանքներով բավարարելու համար տարբեր մարմինների է դիմել, բայց ապարդյուն:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանն ընդգծել է, որ համայնքներում իրենց հանդիպումների նպատակը խնդիրներին տեղում ծանոթանալն է, տեղի ունեցող քաղաքական գործընթացներին բնակչությանը ծանոթացնելը:

Ըստ նրա՝ հանրությանը հետ երկխոսության անհրաժեշտություն կար և  եկել են խնդիրներին միասնական և դիմակայելու կոչով:

«Նախորդող շաբաթները ցույց տվեցին,որ ճիշտ  մոտեցում ցուցաբերելու դեպքում հնարավոր է որոշակի մեղմել իրավիճակը:Սակայն հանդիպումների ընթացքը ցույց է տալիս, որ կան բողոքներ սոցիալական արդարության բաղադրիչի հետ կապված: Կարծում եմ աշխատանքներ դեռևս շատ կան անելու, մոտեցումները, մեխանիզմները հստակեցնելու, որպեսզի կարողանանք իրականում այս ճգնաժամային իրավիճակը ճիշտ կառավարել»,- ասել է խորհրդարանի ԱԺԿ խմբակցության  պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:

ԱՀ ԱԺ Արցախի «Արդարություն» խմբակցության  պատգամավոր Դավիթ Գալստյանն էլ կարևորել է միասնականության գիտակցումը:

«Մենք պետք է այսօր հասկանանք,որ մեր խնդիրը այսօր մեր միասնականության մեջ է: Եվ եթե մենք չկարողանանք մեկս մյուսին ներելով, միասնական որոշումներով ու  ջանքերով այս իրավիճակց դուրս գալ, ապա պարտությունը բոլորինս է լինելու»,-համոզմունք է հայտնել Դավիթ Գալստյանը:

ԱՀ ԱԺ-ում ձևավորված խմբերը առաջիկա օրերին ևս կշարունակեն այցելությունները համայնքներ և հանդիպումները  բնակչության հետ նրանց խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:

 

Placeholder
Արցախի Լուսաձոր համայնքի փոքրիկ խանութը գրեթե դատարկվել է․ պատգամավորները հանդիպել են բնակիչներին