Վատիկանում հրաժեշտ տվեցին Պապ Բենեդիկտոս XVI-ին
Աշխարհում
16:11 05/01/2023
Աշխարհ

Վատիկանում հրաժեշտ տվեցին Պապ Բենեդիկտոս XVI-ին

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հուղարկավորության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, հուղարկավորության պատարագը ղեկավարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Հուղարկավորության արարողության ժամանակ նա իր խոսքում հիշել է այն իմաստությունը, զգայունությունն ու նվիրվածությունը, որ Բենեդիկտոս XVI-ը դրսևորել է իր կենդանության օրոք:

«Մենք ուզում ենք միասին ասել. Հա՛յր, քո ձեռքն ենք հանձնում նրա հոգին: Բենեդիկտոս, Քրիստոսի հավատարիմ բարեկամ, թող քո ուրախությունը լինի բացարձակ, երբ վերջապես և ընդմիշտ լսես նրա ձայնը»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:

Հռոմի նախկին պապի հուղարկավորությանը ներկա են եղել կաթոլիկ բարձրաստիճան կղերականներ և հազարավոր հավատացյալներ: Սգո արարողությանը մասնակցել է Սիքստինյան կապելլայի երգչախումբը։ Հանգուցյալի աճյունն ամփոփող մայրու փայտից դագաղը դրված է եղել կարմիր պատգարակի վրա, իսկ դագաղի վրա՝ Բենեդիկտոս XVI-ի կողմից օգտագործված Վարդարանը:

Հունվարի 2-ից Սուրբ Պետրոսի տաճարում անցկացվում էր Բենեդիկտոս XVI-ին հրաժեշտ տալու արարողությունը: Երեք օրվա ընթացքում շուրջ 200 հազար հավատացյալ է այցելել տաճար, որտեղ դրված էր Հռոմի նախկին պապի աճյունը:

Բենեդիկտոս XVI-ը մահացել էր դեկտեմբերի 31-ին։ Նա 95 տարեկան էր։ Նախկին քահանայապետն առողջական խնդիրներ ուներ, որոնք վերջին ժամանակներս խորացել Էին։

 

 

Placeholder
Վատիկանում հրաժեշտ տվեցին Պապ Բենեդիկտոս XVI-ին