Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
30 հազար երեխա Արցախում զրկված է Երեխաների իրավունքների կոնվենցիայով սահմանված իրավունքներից. Գեղամ Ստեփանյան
«Կարող ենք ասել, որ գործ ունենք մարդու իրավունքների լայնածավալ, հետևողականորեն իրականացվող և համակարգային խախտումների հետ, ինչը միջազգային իրավունքի լեզվով կոչվում է հանցագործություն մարդկության դեմ»,-Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա հայտարարեց, թե փաստերը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը, երկրի ղեկավարի ամենաբարձր մակարդակով, իրականացնում է ցեղասպանական քաղաքականություն։
Խոսելով կյանքի հետ անմիջական առնչվող իրավունքների խախտման մասին՝ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը հստակ ամրագրում է, որ մարդը և իր ընտանիքը պատշաճ սնվելու և բավարար կենսամակարդակի իրավունք ունի, ինչը նշանակում է ֆիզիկական և տնտեսական հասանելիություն ունենալ սննդամթերքին և դրամական միջոցներին։
«120 հազար մարդ ուղիղ մեկ ամիս զրկված է այդ իրավունքից և ինչպես այլ կեպ կոչենք սա, եթե ոչ հանցագործություն»,-հայտարարեց Արցախի օմբուդսմենը և հիշեցրեց, որ Հռոմի ստատուսը հստակ նշում է, որ մարդկանց սովամահության մղելն համարվում է պատերազմական հանցագործություն։
Նա հիշեցրեց, որ ազատ տեղաշարժի իրավունքն էլ ամրագրված է մարդու համընդհանուր իրավունքի հռչակագրով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հռչակագրով Ադրբեջանը ստանձնել է պարտավորություն ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների երկկողմանի տեղաշարժը, ինչը կոպտորեն խախտվել է։
«Ոտնահարված է նաև մարդկանց լիարժեք ընտանիքի իրավունքը, իսկ 30 հազար երեխա այսօր արցախում զրկված է երեխաների իրավունքների կոնվենցիայով սահմանված անվտանգ և ապահով միջավայրի, առողջ, սննդի և բարձրորակ առողջապահության իրավունքից։ Միջազգային արձագանքն այստեղ շատ հտակ պետք է լինի, այլապես մենք կանգնած ենք շատ մեծ հումանիտար աղետի առաջ»,-հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։