Մահացել է Վախթանգ Կիկաբիձեն
Մշակույթ
14:44 15/01/2023
Տարածաշրջան

Մահացել է Վախթանգ Կիկաբիձեն

Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է  վրացի դերասան, երգիչ, ժողովրդական արտիստ,  ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեն:

sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, երգչի պրոդյուսերը Առաջին ալիքին հաստատել է նրա մահվան մասին տեղեկությունը։

Կիկաբիձեն իր 84-ամյակը նշել է անցյալ տարի Բաթումում մենահամերգով։

Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում՝ Սերգեյ  Փարաջանովի հարևանությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո 1955-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի համալսարանում։ 1959 թվականին աշխատանքի է անցել Թբիլիսիի ֆիլհարմոնիայում։ 1961-1963 թվականներին սովորել է Թբիլիսիի օտար լեզուների ինստիտուտում։

1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում, որի համար 1970 թվականին Կարտախենայի միջազգային կինոփառատոնին արժանացել է մրցանակի տղամարդու լավագույն դերի համար։ Հաջորդ նշանակալի ֆիլմը 1973 թվականին ռեժիսոր Գեորգի Շենգելայայի «Վերիյսկի թաղամասի մեղեդին» էր։ 1977 թվականին էկրան է բարձրացել  Դանելիայի «Միմինո» ֆիլմը (Մհեր Մկրտչյանի հետ), որը 1978 թվականին արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

Մի շարք հայտնի երգերի կատարող է՝ «Չիտո գրիտո», «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլն։ Համերգներով հանդես է եկել 5 մայրցամաքներում։

Placeholder