Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ
Իրավունք
12:16 23/01/2023
Հայաստան

Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների նույնականացման գործընթացն ավարտված է։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանից։

«Վարույթի շրջանակներում դատագենետիկական փորձաքննություն էր նշանակվել 15 աճյունների հետ կապված։ Այս պահին նույնականացման գործընթացն ավարտված է, դիերը փոխանցվել են հարազատներին հուղարկավորությունը կազմակերպելու համար»,- ասաց նա։ 

Գոռ Աբրահամյանը  հայտնեց, որ այս պահի դրությամբ  նախաքննությունը լայն ծավալով շարունակվում է։

«Հարցաքննությունները շարունակվում են, ինչպես քննչական  վարույթային այլ գործողություններ։ Այս պահի դրությամբ դեռևս քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ հարուցված չէ»,- ասաց քննչական կոմիտեի խոսնակը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորվել 3 զինծառայող, որոնք տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորական։

Placeholder
Հրդեհից զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է. ՔԿ