Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկի մոտ առողջական վիճակի մի փոքր ծանրացում ունեինք. Անահիտ Ավանեսյան
Առողջություն
14:13 26/01/2023
Հայաստան

Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկի մոտ առողջական վիճակի մի փոքր ծանրացում ունեինք. Անահիտ Ավանեսյան

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողներին կյանքին վտանգ չի սպառնում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցենենք, որ Այրվածքաբանական ազգային ինստիտուտում բուժում է ստանում 3 զինծառայող։

«Երեք զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետ կապված երկու օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք, բայց հրավիրված կոնսիլիումի և բուժման մեջ փոփոխություններ մտցնելու արդյունքում այս պահին բոլորի վիճակը բավարար է, դեռ ստանալու են անհրաժեշտ ամբողջ ծավալով օգնությունը։ Հույս ունենք բոլորն առողջացումով պետք է տուն գնան։ Այս պահին վտանգ չի սպառնում կյանքին»,- նշեց նա։

Ավանեսյանն ասաց, որ այս գիշեր է վերադարձել գործուղումից, երևի օրվա ընթացքում կայցելի նրանց տեսակցության։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորվել 3 զինծառայող, որոնք տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ 

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորական։

Placeholder
Այրվածքներ ստացած զինծառայողներից մեկի մոտ առողջական վիճակի մի փոքր ծանրացում ունեինք. Անահիտ Ավանեսյան