Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեզ համար ամեն օրը սգո օր է, իրենց համար կերուխումների օր է. Զոհված զինծառայողի հայր
Արցախյան երրորդ պատերազմում զոհված Անդրեաս Անդրեասյան հայրը՝ Տիգրան Անդրեասյանը, վաղ առավոտյան շրջանից եկել է Երևան՝ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հետ մասնակցելու Քննչական կոմիտեի դիմաց ակցիային։ Նրանց պահանջն է պատժել սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում ծնողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, պարզել նրանց հրաման տվողներին։
«Մարդկային նորմերի մեջ չի մտնում, թե ինչպես կարող են ընդհանրապես մարդու, հատկապես որդեկորույս ծնողների հետ այդպես վարվել։ Մարդկային նորմերի մեջ չի մտնում իրենց այդ քայլը»,- ասաց Տ. Անդրեասյանը։
Նա այս իշխանությունից որևէ սպասելիք չունի, համոզված է՝ քանի այս իշխանությունն է, որևէ մեկը պատախանատվության չի ենթարկվի։
«Չբացահայտվելու բան չկա, նկարները կան, ամեն ինչ կա, իրենց բերանով ասում են՝ արել ենք ու ներողություն ենք խնդրում, բայց քրեական պատասխանատվության չեն ենթարկում նրանց։
Պարզապես ձգձգում են, մարդկանց նյարդայնացնում, երևի որպեսզի էլ չբողոքեն, բայց նման բան չի կարող լինել։ Այստեղ այն մարդիկ են, որոնք հայրենիքին տվել են իրենց ամենաթանկն ու ետ կանգնելու որևէ բան չունենք, կորցնելու ոչ մի բան չունենք, պարզապես ամեն ինչ անում ենք, որ օրենքով լինի»,- ասաց Տ.Անդրեասյանը։
.jpg)
44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովն ասաց. «Եթե մենք ապրեինք օրինական երկրում, նախ պատերազմ չէր լինի։ Անօրինական երկրում ենք ապրում, հիմա ինչ կատարվում է, անօրինականության հետևանք է, ուղղակի ժողովուրդը պետք է իր աչքերը բացի, տեսնի, թե ինչ երկրում է ապրում, ինչ իշխանություն ունի։ Էլ ի՞նչ պետք է կատարվի, որ ժողովուրդը հասկանա։
Մայրերին կարմիր բերետավորները նման ձևով տանեն ու եթե մեկնումեկը դրա պատասխանը կտա ու ճիշտ կտա... Բայց կա՞ դրա պատասխանը, բայց կա՞ մարդ, որ մարդ կոչվի ու դրա պատասխանը պետք է տա։ Մինչև ե՞րբ այսպես։
Որպես զոհվածի հայր իրավունք ունեմ ասել՝ մենք ասում էին՝ կգա ժամանակ ու զոհերը կավելանան։ Տեսանք, որ ավելանում են։ Այս 15 զոհերի համար ո՞վ պետք է պատասխան տա։ Քանի՞ օր է անցել այդ դեպքից, ճիշտ տեղեկություն ունե՞ք, թե չունե՞նք այդ հրդեհի դեպքից։ Չհայտարարեցին ոչ սգո օր, ոչ էլ մի զոհվածի տուն գնացին։ Անդրանիկ Քոչարյանը թող չասի՝ ամեն օր սգո օր է. մեզ համար է սգո օր, իրենց համար կերուխումների օր է։
Մենք մեր երեխաներին չենք կարող մոռանալ։ Երևանի այնպիսի իշխանություն ունենայինք, որ իր արածների համար պատասխան տար»։
Խոսելով հունվարի 19-ին ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգությանը, մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ զինվորները խրճիթում չեն ապրել, անվտանգության կանոնները չեն պահվել, ամեն ինչ նորմալ է եղել, նա ասաց. «Մեր կյանքն այլ բան է ցույց տալիս։ Բնականաբար, իրենց աթոռները պահելու համար ի՞նչ պետք է ասեին։ Ալեն Սիմոնյանն ասա՞ց։ Ասելուց առաջ թող գնա, մեկ գիշեր այնտեղ քնի, նոր հետո դրանից հետո, եթե մարդը լինի, ճիշտը կասի»։