Ախուրյանում և Փանիկում «Թումո-տուփ»-եր կտեղադրվեն
Կրթություն, գիտություն
15:28 26/01/2023
Հայաստան

Ախուրյանում և Փանիկում «Թումո-տուփ»-եր կտեղադրվեն

«Նախագիծը վերաբերում է ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» և «Փանիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներից տարածք վերցնելուն և «Սիմոնյան» կրթական հիմնադրամին հատկացնելուն»,-գործադիրի նիստում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ զեկուցելով հողահատկացման հերթական որոշումը:

Նա հայտնեց, որ հիմնադրամը իրականացնում է ծրագիր, որը կոչվում է «Թումոն տուփի մեջ», և նման ծրագրեր նախատեսված է իրականացնել Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում:

Ըստ նախարարի՝ Սևան, Արթիկ և Բերդ քաղաքներում արդեն նման հատկացումներ իրականացվել են:

«Թումոյի մեր գործընկերները նախատեսել են 110 նման «Թումո-տուփ»-եր ունենալ Հայաստանի տարբեր շրջաններում, իսկ Երևանում ևս 2 խոշոր Թումո-կենտրոն բացել»,-հայտնեց Սանոսյանը և տեղեկացրեց, որ հիմնադրամը նախատեսում է  Հայաստանում ունենալ 16 խոշոր Թումո-կենտրոն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտնեց, որ «Թումո-տուփ»-երը շարժական են, որտեղ երեխաներն ինքնուսուցման միջոցով նախնական գիտելիքներ են ստանում, հետո հնարավորություն ունեն տրանսպորտով գնալ Թումո-կենտրոններ և շարունակել ուսուցումը:

Նա բերեց Բերդի և Գավառի «Թումո-տուփ»-երում նախնական ուսուցում ստացած երեխաների օրինակը, որոնք իրենց գիտելիքները շարունակում են ստանալ Դիլիջանի Թուլմո-կենտրոնում:

Ըստ Անդրեասյանի՝ Ախուրյանի 900 և Փանիկի 300 երեխաները «Թումո-տուփ»,-երում կստանան գիտելիքներ:

Նախարարը հայտնեց, որ 7 Թումո-կենտրոն կա նաև արտասահմանում:


Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց արշավը, որը ժամանակին ծավալվում էր կենտրոնը հայ մեծ բանաստեղծ Թումանյանի ազգանվան կրճատ տարբերակով անվանանելու դեմ: 

«Հովաննես Թումանյանն այս ծրագրով աշխարհի 7 երկրներում ներկա է, և դրանով ներկա է  ՀՀ-ն ու հայ ժողովուրդը: Էս էլ է կրթույան հարց»,-ասաց Փաշինյանը:
 

Placeholder