Կարոտել եմ մանկապարտեզը. Արցախի մանկապարտեզներում աղմուկի փոխարեն անտանելի լռություն է
Իրավունք
15:49 06/02/2023
ԼՂՀ

Կարոտել եմ մանկապարտեզը. Արցախի մանկապարտեզներում աղմուկի փոխարեն անտանելի լռություն է

6828 երեխա Արցախում զրկվել է մանկապարտեզ, նախակրթարան եւ երկարօրյա դպրոց հաճախելու հնարավորությունից: Ալենը նրանցից մեկն է: Տղան     կարոտել է ընկերներին ու մանկապարտեզի խաղերը: Թե ինչու չի  հաճախում    մանկապարտեզ, լավ գիտի:  

«Ուտելիք չկա, ճանապարհը փակ է, կարոտել եմ մանկապարտեզը»,-ասում է նա։

Մանկապարտեզը նաեւ Ալենի մայրն է կարոտում: Որդին մանկապարտեզ է հաճախում, իսկ ինքն այնտեղ աշխատում է: Ավելի ճիշտ՝ այսօր արդեն չի աշխատում:

«Ես աշխատելով մանկապարտեզում հիմա տանն եմ , և կարողանում եմ պահել, իսկ ինչպես վարվեն, այն աշխատող ծնողները, որոնք պետական աշխատող են և չգիտեն ում մոտ թողեն իրենց երեխաներին: Եթե գործեր մանկապարտեզը նրանք էլ կլինեին հանգիստ»,-ասում է   Հասմիկ Բեկնազարյանը։

Շուշիի մանկապարտեզը 5 խումբ ունի՝ 160 սան: Արդեն  շուրջ մեկ ամիս է՝   մանկապարտեզում երեխաների աղմուկի, աշխույժ ձայների, տաք միջավայրի փոխարեն դատարկ սենյակներ են, անտանելի լռություն:

Շուշիի պետական մանկապարտեզի տնօրեն Էմմա Աբրահամյանն ասում է. «Երեխաները հեռախոսի հետ են , մանավանդ այն երեխաները, որոնց մայրիկները աշխատում են: Երեխաները և տաքությունից են զրկված և սննդից: Տեսնում ենք, որ շրջափակումը երկարում է, ստիպված օնլայն կապվել ենք ծնողների հետ և ցուցումներ ենք տալիս մեթոդական, ծրագրային»։

Խնդիրը սուր է աշխատող մայրերի համար։ ԱրՊՀ դասախոս Ռենա Մովսեսյանը, որ զույգ տղաների   մայր է, իր փորձից գիտի։

«Թե որքան կտևի այս անորոշությունը հայտնի չէ: Ամեն օր հույս ենք պահում, որ կբացվի կյանքի ճանապարհը, և  մեր երեխաներն էլ կապրեն ինչպես վայել է 21-րդ դարին»,-ասում է Էմմա Աբրահամյանը։

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպոտաժում։
 

Placeholder