Չինաստանի Կարմիր Խաչը Թուրքիային և Սիրիային կուղարկի 200 հազարական  դոլար
Տարածաշրջան
11:12 07/02/2023
Տարածաշրջան

Չինաստանի Կարմիր Խաչը Թուրքիային և Սիրիային կուղարկի 200 հազարական դոլար

Չինաստանի Կարմիր խաչի ընկերությունը 200 հազարական դոլար կուղարկի Թուրքիային և Սիրիային՝ հազարավոր մարդկանց զոհ դարձած ուժգին երկրաշարժից հետո փրկարարական աշխատանքների անցկացմանն աջակցելու համար։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։

«Չինական Կարմիր խաչի ընկերությունը որոշել է 200,000-ական դոլար տրամադրել Թուրքիայի Կարմիր մահիկի և Սիրիայի Կարմիր մահիկի ընկերությանը՝ որպես շտապ մարդասիրական օգնություն՝ աղետից տուժածներին օգնելու և փրկարարական աշխատանքներին աջակցելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Չինաստանի Կարմիր խաչի նախագահ Չեն Չժուն Թուրքիայի և Սիրիայի Կարմիր մահիկի ընկերություններին ուղղված ցավակցական հեռագրերում նշել է, որ կշարունակեն վերահսկել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կտրամադրեն  հավելյալ մարդասիրական օգնություն։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում, որի հետևանքով զոհվել է 2921, վիրավորվել՝ 15834 մարդ։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներին։ Այնտեղ, վերջին տվյալներով, զոհվել է 711 մարդ, տուժել՝ 1431-ը։

Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։

Placeholder
Չինաստանի Կարմիր Խաչը Թուրքիային և Սիրիային կուղարկի 200 հազարական դոլար