Սեյսմոլոգ․ Հզոր ավերվածությունների պատճառ դարձած երկրաշարժը տևել է ընդամենը 78 վայրկյան
Կրթություն, գիտություն
15:30 11/02/2023
Հայաստան

Սեյսմոլոգ․ Հզոր ավերվածությունների պատճառ դարձած երկրաշարժը տևել է ընդամենը 78 վայրկյան

Տարածաշրջանում տեղի  ունեցած երկրաշարժերը՝ մեծ անհանգստություն և մտավախություն են առաջացրել հարևան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Ինչն , ըստ  մասնագետների,  ունի իր բացատրությունը։ Հայ սեյսմոլոգները ևս հետևում են ընդերքում հնարավոր փոփոխություններին, թե որ խզվածքները, որ ուղղությամբ են շարժվում և որքանով է մեծանում կամ փոքրանում նոր երկրաշարժերի առաջացման հավանականությունը։

Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը տևել է 78 վայրկյան՝ ձևավորելով 250 կմ երկարությամբ խզվածք։ Մեկ րոպե 18 վայրկյանը՝   խզվածքառաջացման պահից մինչև խզվածքի ավարտի ժամանակահվածն է։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց սեյսմոլոգ, երկրաբանական գիտությունների թեկնածու Աշխեն Թովմասյանը։

«Հզոր ավերվածությունների պատճառ դարձած երկրաշարժը տևել է ընդամենը 78 վայրկյան»,- ասաց մասնագետը և հավելեց․

«Այդ տեղանքում տեղի ունեցավ հզոր երկրաշարժն անակնկալ չէր, քանի որ սեյսմոակտիվ գոտի է, սակայն  պետք է ընդգծել, որ  սպասված պոտենցիալից ավելի մեծ ուժգնությամբ էր՝7,8 մագնիտուդ ուժնությամբ»։

Երկրաբանական գիտ․ թեկնածուի խոսքով՝ մասնագետների համար անկանկալը երկրշարժին հաջորդած  ուժգին հետցնցումներն էին, որոնք դեռ պարզ չէ՝ կարելի է համարել հետցնցում,թե՝ ոչ։

«Իրադարձությունների զգալի մասը գտնվում է ոչ թե հիմնական խզվածքային գոտում, այլ ակտիվացել են հարևան խզվածքները։ Երկրորդ  խոշոր ցնցումը՝ 7,5 մագնիտուդը, որը ներկայացվեց որպես հետցնցում, այսօր լուրջ քննարկման առիթ է, թե որքանով կարող է համարվել հետցնցում։  Այդ 7,5 մագնիտուդով երկրաշարժն առաջացրել է իր հետցնցումային ամպը։ Այսինքն՝ այս երկրորդ երկրաշարժը կարող է լինել նաև 7,8 մագնիտուդի կողմից հարուցված ինքնուրույն երկրաշարժ` սեփական զարգացմամբ։ Սա այս երկրաշարժի ամենից ակնառու առանձնահատկություններից է։ Հետցնցումները շարունակվել են մինչև Պաղեստին»։

Ըստ մասնագետի՝ իրադարձությունների զարգացումը կատարվում է նոր խզվածքների ուղղությամբ։ Մեր դիտարկմանը,թե ո՞ր ուղղությամբ են զարգանում այդ նոր խզվածքները և արդյոք մեր երկրի ուղղությամբ կան փոփոխություններ, Թովմասյանն ասաց․

«Այդ հետցնցումային ամպը մինչև Հայաստան չի հասնում,ավելին՝  նույնիսկ չհասած Վանա լիճ է։ Պատկերը հետաքրքիր է, քանի որ հյուսիսանատոլական խզվածքը  կորանում է դեպի հարավ, իսկ արևելաանատոլական խզվածքը, որի հետ կապված է այս 7,8 մագնիտուդով երկրաշարժը, գալիս է Վանա լճի արևմտյան ափով բարձրանում և ինչ-որ տեղ այդ երկու խզվածքները հատվում են (տես լուսանկարում):  Այսինքն՝ հետցնցումային պրոցեսները շարունակվել են բոլորովին այլ ուղղությամբ։ Հայաստանի դեպքում առայժմ տարածման վտանգ չկա, խզվածքներն այլ ուղղությամ են աշխատում»:

Լուսանկարները՝ Աշխեն Թովմասյանի էջից

 

Ամեն դեպքում, երկրաշարժերը հնարավոր է կանխատեսել, թեպետ դա բավականին բարդ է և, ինչպես մասնագետն է նշում, կանխատեսումը հնարավոր, բայց  անհնարինության չափ բարդ խնդիր է։

 

Placeholder