Եթե որևէ մեկն ասում է ԳԱԱ ինստիտուտներն իրենց բուն նպատակին չեն ծառայում, գլուխը պատով է տալիս. Վարդան Դևրիկյան
Կրթություն, գիտություն
15:17 13/02/2023

Եթե որևէ մեկն ասում է ԳԱԱ ինստիտուտներն իրենց բուն նպատակին չեն ծառայում, գլուխը պատով է տալիս. Վարդան Դևրիկյան

ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այժմ քննարկումներ են ընթանում կառավարության 2020-2030 թթ. ռազմավարության դրույթի շուրջ, որ  ակադեմիական ինստիտուտները, գուցե ոչ ամբողջապես, նախատեսվում է տանել բուհեր։

«Քննարկումների փուլ է։ Լավատես եմ, որ ակադեմիայի ղեկավարությունը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ընդհանուր եզր կգտնեն, փոխընդունելի տարբերակ կգտնվի»,- նշեց նա։

Վ.Դևրիկյանն ընդգծեց, որ այսօր ԳԱԱ-ն իր առանձին ինստիտուտներով ծառայում են իրենց բուն նպատակին, արդյունավետ է ինստիտուտների գործունեությունը։

«Եթե որևէ մեկը կասի Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներն իրենց բուն նպատակին չեն ծառայում, գլուխը պատով է տալիս։ Թող գան մեր ինստիտուտ, եթե տեսնեն իր նպատակին չի ծառայում, կատարողական խնդիրները չեն լուծվում, ինձ աշխատանքից թող հանեն, գումարն էլ բռնագանձեն»,- ասաց Գրականության ինստիտուտի տնօրենը՝ ընդգծելով, որ նպատակային ծառայել նշանակում է գիտական հետազոտություններ արվել են։

Ինչ վերաբերում է ինստիտուտների փակմանը, Դևրիկյանը բացատրություն գտավ, թե՝ «գործադիր իշխանությունն էլ չի ասում, թե գործ չեն անում, դրա համար են փակում, այլ ինչպես անեն, որ բուհերի  հետ կրթության նպատակին ծառայեն, ավելի օպտիմալ լինի»։

Վարդան Դևրիկյանի գնահատմամբ՝ ԳԱԱ-ն իր ինստիտուտներով ոչ թե երկրի գիտության համար կարևորագույն նշանակություն ունի, այլ՝ անփոխարինելի։
 

Placeholder
Եթե որևէ մեկն ասում է ԳԱԱ ինստիտուտներն իրենց բուն նպատակին չեն ծառայում, գլուխը պատով է տալիս. Վարդան Դևրիկյան