Առաջիկայում կսկսվի ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրումը
Հասարակություն
10:15 18/02/2023
Հայաստան

Առաջիկայում կսկսվի ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրումը

Շուտով կսկսվեն ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները Դիլիջանի այն ճանապարհահատվածներում, որտեղ կա ազնվացեղ եղջերուին հանդիպելու վտանգ:

Ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին՝ WWF-Հայաստանը տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։

Դեպքի հետ կապված` WWF-Հայաստանը Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան» ազգային պարկի հետ նախաձեռնել է քննարկում։ Վերջինիս արդյունքում հստակեցվել է, որ կա անհրաժեշտություն վարորդներին նախազգուշացնելու կենդանիների առնչման հնարավոր վտանգի մասին և որոշվել, որ շուտով կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշանները։

«Մինչ նշանների և ցուցանակների տեղադրման աշխատանքների ավարտը հորդորում ենք երթևեկելիս լինել զգոն և ուշադիր, քանի որ եղջերուները կարող են կրկին հայտնվել ճանապարհին։

Անվտանգ երթևեկություն ապահովելուց բացի, կարևոր է նաև քաղաքի բնակիչներին իրազեկելը եղջերուների հետ հնարավոր առնչման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը։ Այս նպատակով կտեղադրվեն իրազեկող ցուցանակներ այն տարածքներում, որտեղ կա նման խնդիր»,-նշում են WWF-Հայաստանից ու տեղեկացնում, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։

Վերջերս՝ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին, «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցավ ծրագրի առաջին 3 ազնվացեղ եղջերուների բացթողումը բնություն:

Placeholder