ԱՄՆ-ը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում նոր պատժամիջոցներ Է նախատեսում ՌԴ-ի դեմ
Քաղաքական
10:17 20/02/2023
Աշխարհ

ԱՄՆ-ը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում նոր պատժամիջոցներ Է նախատեսում ՌԴ-ի դեմ

ԱՄՆ վարչակազմը մտադիր է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել պաշտպանության, էներգետիկայի և ֆինանսների ոլորտներում, ինչպես նաև գործողության մեջ դնել Ռուսաստանի դեմ արտահանման վերահսկման լրացուցիչ մեխանիզմներ։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Bloomberg-ին։

«Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է գործարկել արտահանման վերահսկողության նոր մեխանիզմներ և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը, որոնք ուղղված են նրա առանցքային ճյուղերին։ Միջոցառումներն ուղղված կլինեն Ռուսաստանի պաշտպանության և էներգետիկ հատվածների, ֆինանսական հաստատությունների և մի քանի անհատների դեմ»,- նշում է գործակալությունը:

Բացի այդ, ըստ աղբյուրի, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ուշադրություն կդարձնեն արդեն իսկ գործող սահմանափակումներին՝ պատժամիջոցների շրջանցումը կանխելու համար։

Նշվում է նաև, որ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Նախօրեին «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները, հետևելով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպումների արդյունքներին, հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ այս երկրները համաձայնել են պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն Ուկրաինայի պատճառով և մեծացնել պատժամիջոցների ճնշումը նրա վրա։
 

Placeholder
ԱՄՆ-ը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում նոր պատժամիջոցներ Է նախատեսում ՌԴ-ի դեմ