Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին
Իրավունք
15:56 21/02/2023

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվել է: Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գ. Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 17։30-ին: Լրագրողներին ասաց Խաչատուրովի շահերի պաշտպան  Հակոբ Ենոքյանը։

Փաստաբանն ասաց, որ դատարանում Խաչատուրովը ելույթով է հանդես եկել, դեպքի հետ կապված մանրամասներ ներկայացրել:

«Ինչ-որ նեկայացվել է,  որևէ կերպ  կասկածի տակ չի դրվում։ Ընդամենը մեկ ցուցմունք կա, որ կարելի է հակասություն համարել  Խաչատուրովի ասածին. Խաչատուրովն ասում է՝  տարածքն իմը չէ, տարածքի կողքը ինչ-որ տնտեսություն  ունեցող անձ ասում է՝  մենք գիտենք, լսել ենք, որ  Խաչատուրովի տարածքն է։ Իսկ այս  հանգամանքը որևէ նշանակություն չունի գործի համար։ Անձամբ քննիչներին հարցրել եմ՝ կա՞ նշանակություն Խաչատուրովը դա գրանցել է իր անունով, թե Էդգար Արշակյանի անունով գրանցված կլիներ,  արարքի իրավաբանական որակման վրա անդրադառնալո՞ւ էր այս հանգամանքը, ասել էին՝ ոչ»,-նշեց նա։

Հ.Ենոքյանն ասաց, որ Գրիգորի Խաչատուրովի դեմ ոչ ոք ցուցմունք չի տվել. «Չկա տվյալ, ցուցմունք, որ փողերի լվացում է  կատարել, ուղղակի վարույթ իրականացնող մարմնի ենթադրությունն է,  որ եթե գույքը  օտարվել է  օրենքի խախտմամբ, այդ օտարման գործարքը փողերի լվացում է»։

Հիշեցնենք, որ  Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է նախօրեին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նրան մեղադրանք է ներկայացվել, քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Գործը վերաբերում է  Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։ Էդգար Արշակյանին այսօր կրկին մեղադրանք են առաջադրել, խափանման  միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

 

 

Placeholder
Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ին