Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարության շենքի մոտ բնապահպանները բողոքի ակցիա կանցկացնեն՝ ընդդեմ Քերոբյանի հայտարարության
Այսօր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ շուտով սկսվելու է Ամուլսարի շահագործումը։Նա տեղեկացրել է, որ այսօր , ժամը 5-ին, 250 միլիոն դոլարանոց փաթեթ են ստորագրելու, փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի վերսկսելը։
Նախարարի հայտարարությունն առաջացրել է բնապահպանական հանրության զայրութը։ Ավելին՝ ուղիղ ժամը հինգին նախատեսում են Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա կազմակերպել։
«Մենք պատրաստվում ենք բողոքի ակցիա անցկացնել։ Նրանք պետք է հասկանան, որ մենք չենք հնձնվելու»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Էկոլուր տեղեկատվական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ինգա Զարաֆյանը։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանն էլ Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև չի հասցնի մարզից հասնել Երևան՝ ժամանակի սղության պատճառով, սակայն աջակցում է գործընկերների նախաձեռնությանը։
Նրա խոսքով՝ Քերոբյանի հայտարարությունից անակնկալի չեն եկել,քանի որ վերջին շրջանում բոլոր գործողությունները դրան են տարել։
«Երբ սկսվեց ընդերքի մասին օրենքում փոփոխություններ կատարվել, այդ ժամանակ մենք նշեցինք, որ այս ամենն արվում է Ամուլսարի շահագործման համար։ Իմ գնահատականը,բնականաբար, բացասական է։ Կարծում եմ՝ այսպիսի կարևորագույն խնդիրը, որը հանրային մեծ հնչեղություն է ստացել, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակությունը խոսել է և ունի ասելիք, համայնքի բնակիչները վաղուց իրենց կարծիքն արտահայտել են, երբ առկա է միջազգային փորձագիտական եզրակացություն և Ամուլսարի հետ կապված դատական գործընթացներ, ահա այս խնդիրների փնջում գալ և հայտարարել, թե պայմանագիր է կնքվելու և հանքավայրը շահագործվելու է, ուղղակի ազնիվ չէ սեփական հասարակության նկատմամբ։ Եվս մեկ անգամ տեսնում ենք, որ ժողովրդավարության հետ կապված որոշակի հետընթաց ենք ապրում»,- ասաց Դուլգարյանը։
Իրավապաշտպանի կարծիքով՝ այս ամենը կարող է հասարակության շրջանում լարվածություն առաջացնել։