Արամ Օրբելյան. Ես միայն կողմ եմ, որ ԼՂ հարցը լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում
Քաղաքական
13:14 24/02/2023
Հայաստան

Արամ Օրբելյան. Ես միայն կողմ եմ, որ ԼՂ հարցը լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում

«Երկու օր է՝ համացանցը ցնծության մեջ է, քանի որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում է ընդունել, որով պարտավորեցրել է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։ Միանշանակ, շատ մեծ իրադարձություն է, բայց եթե դրան չի հետևում այդ  գործիքակազմի հետագա օգտագործում, ապա այդ գործիքը դառնում է ընդամնեը մի որոշում ու վերահաստատում է Ադրբեջանի մոտեցումները, ավելին դառնալու  է պարտություն մեզ համար»,-ասաց իրավաբան Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով, դատական գործընթացում հայտնած որոշակի կարծիքներ հետագայում փորձելու են օգտագործել՝ ապացուցելու համար, որ Հայաստանն ունի դիրքորոշում, որ Արցախն Ադրբեջանի մաս է։

Օրբելյանը կարևորեց, որ ցանկացած արգումենտացիա լինի տրամաբանական։

«Եթե որոշ մարդիկ ասում են Արցախը հանձնենք Հայաստանը պահպանելու ցանկությամբ, այս ձևակերպումը առաջին հայացքից տրամաբանական է թվում, բայց եթե մի պահ կանգն առնենք ու հարց տանք՝ Ադրբեջանը նման բան ասե՞լ է, ասե՞լ է՝ Արցաը տվեք, Հայաստանը՝ ձեզ, չէ, ասել է  Արցախը տվեք, Սյունիքը տվեք, Սևանը տվեք։ Մի մասն էլ Թուրքիան է ուզում, արդյունքում ոչ թե Ադրբեջանը մեզանից դա չի ուզում, այլ ասում է ՝ դա ձերը չէ, Թուրքիային է, դրա համար էլ չեմ ուզում»,-ընդգծեց նա։

Իրավաբանն ասաց՝ պետք է հիշել, որ միջազգային իրավունքում ուժի կիրառումն արգելված է, ինքնորոշման իրավունքի հարցը պետք է լուծվի խաղաղ գործընթացների միջոցով, առանց ուժի գործադրման։

Արամ Օրբելյանը մասնակցում է  «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովին, որը  նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին, անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։

«Հիմա գանք հարցին, թե ինչ է  նշանակում տարածքային ամբողջականություն տերմինը։ Ես միայն կողմ եմ, որ ԼՂ հարցը լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում, քանի որ դա նույնպես ունի նորմատիվ պարունակություն։ Արցախի անկախությունը չի կարող լինել մասնակի, Արցախն անկախացել է ոչ միայն ԼՂԻՄ տարածքում, այլ ԼՂԻՄ գումարած Շահումյան, հետևաբար տարածքային ամբողջականության սկզբունքը ենթադրում է Ադրբեջանի կողմից օկուպացրած Շահումյանի ու վերջին պատերազմի ընթացքում Հադրութի ու այլ տարածանքերի դեօկուպացիա»,-ասաց Օրբելյանը։

Նրա խոսքով, առաջին քայլով Հայաստանը պետք է հայտարարի, որ Արցախն անկախ է։
«Ասի, այո, մենք գտնում ենք, որ Արցախն անկախ է»,-նշեց նա։
 

Placeholder
Արամ Օրբելյան. Ես միայն կողմ եմ, որ ԼՂ հարցը լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում