Պրոդյուսեր Վայնշտեյնին բռնաբարության համար լրացուցիչ 16 տարվա ազատազրկման են դատապարտել
Իրավունք
09:00 24/02/2023
Աշխարհ

Պրոդյուսեր Վայնշտեյնին բռնաբարության համար լրացուցիչ 16 տարվա ազատազրկման են դատապարտել

Ամերիկացի կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որն արդեն պատիժ է կրում սեռական հանցագործությունների համար, բռնաբարության մեղադրանքով լրացուցիչ դատապարտվել է 16 տարվա ազատազրկման, հայտնում է Variety պարբերականը:

Նյու Յորքում անցկացված առաջին դատավարության ժամանակ Վայնշտեյնը 2020 թվականի փետրվարին դատապարտվել է 23 տարվա ազատազրկման՝ բռնաբարության և օրալ սեքի հարկադրաբար կիրառման համար։

Փետրվարի 23-ին Վայնշտեյնի նկատմամբ դատավճիռը կայացրել է Լոս Անջելեսի դատարանը։ Բոլոր մեղադրանքները վերաբերում էին մի կնոջ բռնաբարությանը, որը գործում անցնում էր որպես «Ջեյն Դո» ՝ առանց իրական անուն նշելու: Variety-ի տվյալներով՝ խոսքը եվրոպական երկրներից մեկի մոդելի մասին է։

Ինչպես գրում է հրատարակությունը, կայացված դատավճիռը գործնականում նշանակում է՝ Վայնշտեյնը, որը հաջորդ ամիս կդառնա 71 տարեկան, կյանքի մնացած մասը կանցկացնի բանտում:

Հիշեցնենք, որ Հոլիվուդում մեծ սկանդալ բարձրացավ, երբ մի շարք դերասանուհիներ՝  Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Սալմա Հայեքը, Ումա Թուրմանը, Վայնշտեյնին մեղադրել են սեռական ոտնձգության մեջ:

Հայտնի դերասանուհի Սալմա Հայեքը պրոդյուսերին անվանել է «ագրեսիվ հրեշ»՝ նշելով, որ նա սեռական ոտնձգություններ է արել և սպառնացել, եթե հրաժարվի:

Մեղադրանքների արդյունքում Վայնշտեյնին աշխատանքից հեռացրել են սեփական ընկերությունից, իսկ Նյու Յորքի իշխանությունները հետաքննություն են սկսել նրա նկատմամբ: Ինքը՝ Վայնշտեյնը, հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները:

Placeholder
Պրոդյուսեր Վայնշտեյնին բռնաբարության համար լրացուցիչ 16 տարվա ազատազրկման են դատապարտել