Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուբեն Վարդանյան. Արցախցիների մեծամասնությունը չի տեսնում այլ տարբերակ, քան անկախ լինելն է
«Արցախցիների մեծամասնությունը չի տեսնում այլ տարբերակ, քան անկախ լինելն է։ Ես սա տեսել եմ վերջին վեց ամսվա ընթացքում»,-ասաց Արցախի պետնախարարի պաշտոնից երեկ ազատված Ռուբեն Վարդանյանը։
Նա Ստեփանակերտից առնցանց միացել էր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովին, որը նվիրված է Արցախյան շարժման 35-ամյակին, անցկացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։
«Մյուս կողմից մենք ունենք խնդիր, մարդիկ կորցրել են իրենց հավատն իրենց նկատմամբ, դեպի ղեկավարությունը, դեպի ապագան։ Կարծում եմ՝ մենք կանգնած ենք շատ լուրջ զոհողությունների առջև, ինչպես 88 թվականին, երբ սկսկեց շարժումը, մենք ոչ միայն քննարկում էինք Արցախի անկախության հարցը, այլև մեր արժեքները, մեր սկզբունքները՝ ո՞վ է հայը, ինչի՞ է պատրաստ, ինչի՞ն պատրաստ չէ։ Սրանք կարևոր հարցեր են, որոնց առանց պատասխանելու դժվար կլինի հետագա ընթացքը»,-ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում ամենակարևոր հարցն Արցախի անկախությունն է, ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
«Մենք մեր որոշումն արդեն շատ վաղուց կայացրել ենք։ Այս ճանապարհը կարող ենք անցնել, բոլոր դժվարությունները կարող ենք հաղթահարել մի դեպքում, երբ այդ ամենակարևոր գործն անենք ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե։ Ես ունեմ խորքային հիմքեր ասելու, որ Արցախը մնալու է հայկական, Արցախը չի հանձնվելու, մյուս կողմից ես տեսնում եմ այն հիվանդությունները, որոնք ունենք մեր մեջ, մենք չենք հասկանում, որ ապրելով ամենօրյա կյանքով՝ չենք կարող առաջ գնալ։ Արցախի շուրջ մենք բոլորս պետք է միավորվենք, իրավունք չունենք այն կորցնել։ 88-ին մարդիկ և հավատ ունեին և պատրաստ էին իրենց օրվա 24 ժամը նվիրել հանուն Արցախի պայքարին »,-նշեց նա։
Նշենք, որ համաժողովը մեկնարկեց Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով, Արցախի օրհներգի կատարմամբ։





Մանրամասները՝ տեսանյութում։