Սրանից լավ ապացույց դատախազապետություն ստեղծելու մասին՝ ուղղակի չկա. Արծվիկ Մինասյան
Իրավունք
13:46 28/02/2023
Հայաստան

Սրանից լավ ապացույց դատախազապետություն ստեղծելու մասին՝ ուղղակի չկա. Արծվիկ Մինասյան

«Առաջարկվում է բազային աշխատավարձից և հավելավճարներից զատ դատախազներին տալ նաև հավելում 92%-ի չափով»,-խորհրդարանական ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Պատգամավորի պարզաբանմամբ՝ գլխավոր դատախազի վարձատրությունը գործակցի հաշվարկով 15-ից դառնալու է 28.8:

«Այսինքն՝ ոչ միայն ավելին, քան ՀՀ նախագահի, վարչապետի,  Աժ նախագահի վարձատրությունն  է, այլ եթե դրան ավելացնենք նաև հավելավճարներն, ապա մի քանի անգամ գերազանցում է վերոհիշյալ պաշտոնյաների վարձատրության չափը»,-ասաց Մինասյանը:

Անդրադառնալով դատախազների վարձատրության միջին ցուցանիշին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ նրանց աշխատավարձը լինելու է ավելի բարձր, քան բարձրագույն գործադիր իշխանության՝ կառավարության անդամի՝ նախարարի, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը:

Հայտնելով, որ չեն կարող դեմ արտահայտվել վարձատրության համակարգին՝ Մինասյանն ասաց. «Հարցն այն է, թե ինչ սկզբունքներով է սահմանվում այն: Գլխավոր դատախազը, որը 2023 թվականի հունվարի 1-ից առաջ և հետո այս փոփոխություններով պետք է ստանա 3 մլն դրամից ավել, ինչով է ավելի շատ գործ անում, քան քաղաքական պատասխանատուները, կամ մասնագիտական ոլորտների պատասխանատուները: Այս ամբողջը գալիս հանգում է հետևյալին՝ աղավաղվում է միասնական վարձատրության համակարգը և այն արվում է առանձին գերատեսչություններից բերվող և իրենց գերատեսչական շահն առաջ մղելով: Ի վերջո՝ քանի որ այս բարձրացումները հիմնականում ուղղված են ուժային կառույցներին, կարող ենք փաստել, որ սրանից լավ ապացույց դատախազապետություն ստեղծելու մասին՝ ուղղակի չկա»:
 

Placeholder