ՀՀ-ում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկվել են կրթությանը, մշակույթին վերաբերող հարցեր
Քաղաքական
18:35 02/03/2023
Հայաստան

ՀՀ-ում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկվել են կրթությանը, մշակույթին վերաբերող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին:

«ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել հայ-մեքսիկական բարեկամական կապերի զարգացման, առավել ամրապնդման և խորացման գործում։

«Տարեսկզբին մենք նախարարությունում ընդունել ենք  Մեքսիկայի Պատգամավորների պալատի Հայաստան-Մեքսիկա բարեկամության խմբի ղեկավար Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությանը և  քննարկել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության խթանման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման կարևորության վերաբերյալ հարցեր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա նշել է, որ մշակվել և ներկայում ներպետական փոխհամաձայնեցման փուլում է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Մեքսիկական Միացյալ Նահանգների մշակույթի նախարարության միջև 2023-2026 թվականների մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի իրականացնելու համատեղ աշխատանքներ և մի շարք միջոցառումներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախարարության համակարգման ոլորտներում մեքսիկական կողմի հետ համագործակցության հեռանկարները: Հատկապես կարևորվել է գիտակրթական համատեղ ծրագրերի իրականացումը, որը կարող է նպաստել գիտության և կրթության ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը:

«Հայ-մեքսիկական բարեկամական համագործակցության շրջանակում առկա է մեծ ներուժ, որը կարող է նպաստել միջբուհական համագործակցության ամրապնդմանը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ»,- ասել է նախարարը:

 Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի Սենատին այս տարվա փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ փաստաթուղթն ընդունելու համար: Նա բարձրացրել է նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի և կրթության իրավունքի խախտման խնդիրները, որոնք անդառնալի հետևանք են թողնում մարդու իրավունքների վրա:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ դիվանագիտական առաքելության ժամանակահատվածում իր ջանքերն է ներդնելու հայ-մեքսիկական հարաբերությունների սերտացման, առկա համագործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder
ՀՀ-ում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանի հետ քննարկվել են կրթությանը, մշակույթին վերաբերող հարցեր