Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել՝ իր վրա վերցնելով տեղի ունեցածի պատասխանատվությունը
Քաղաքական
10:14 02/03/2023

Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել՝ իր վրա վերցնելով տեղի ունեցածի պատասխանատվությունը

Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը հայտարարել է, որ հրաժարական է տալիս գնացքների բախումից հետո, որի հետևանքով, ըստ փրկարար ծառայության վերջին տվյալների,  36 մարդ է զոհվել և 66-ը վիրավորվել։ Այս մասին գրում է  rbc.ru կայքը՝ հղում անելով News24/7-ին։

Նա ասել է, որ ողբերգության զոհերի ստույգ թիվը մնում է անհայտ, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Հայտարարում եմ ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին։ Սա այն է, ինչ ես իմ պարտքն եմ համարում անել՝ որպես հարգանքի նվազագույն նշան այն մարդկանց հիշատակի հանդեպ, ովքեր այդքան անարդարացիորեն զոհվել են, և ինձ վրա պատասխանատվություն եմ վերցնում Հունաստանի պետական և քաղաքական համակարգի հավերժական սխալների համար»,- ասել է Կարամանլիսը՝ վերադառնալով դեպքի վայրից։

Նա նաև նշել է, որ վերջին 3,5 տարիների ընթացքում իշխանությունները «գործադրել են բոլոր ջանքերը» բարելավելու Հունաստանի երկաթուղային ենթակառուցվածքը, որը մինչ այդ գտնվում էր «21-րդ դարին չհամապատասխանող» վիճակում։ Կարամանլիսը խոստացել է, որ հետաքննությունը կլինի մանրակրկիտ և թափանցիկ։

Հիշեցնենք, որ մարտի 1-ի կեսգիշերին մոտ Աթենքի և Սալոնիկի միջև՝ Լարիսա քաղաքից ոչ հեռու, ճակատային բախում է տեղի ունեցել բեռնատար և մարդատար գնացքների միջև, որոնք գտնվում էին նույն գծի վրա։  Մարդատար գնացքի երեք վագոն դուրս է եկել ռելսերից, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Մարդատար գնացքում 350 ուղևոր է եղել։

Placeholder
Հունաստանի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել՝ իր վրա վերցնելով տեղի ունեցածի պատասխանատվությունը