Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 9 բուժառու, 7 մարդ էլ վերադարձել է Արցախ
Տարածաշրջան
12:52 03/03/2023

Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 9 բուժառու, 7 մարդ էլ վերադարձել է Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ մարտի 3-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։

ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 7 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 1 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 144 հիվանդ։
 

Placeholder