Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն արդեն տուժող է ճանաչվել, մեկ անձ աձերբակալվել է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ այսօր նա վեճի է բռնվել Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացիների հետ, ինչից հետո շտապել է ոստիկանության բաժին ու հաղորդում ներկայացրել։
«Ֆիզիկական ներգործության և սպառնալիքի վերաբերյալ հաղորդում է եղել, որն արդեն ուղարկվել է Քննչական կոմիտե»,-ասացին ոստիկանությունից։
ՔԿ-ից հայտնեցին՝ հաղորդումը ստանալուց հետո նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Հաղորդումը եղել է իր նկատմամբ քաղաքացիների կողմից որոշակի գործողությունների կատարելու վերաբերյալ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասի՝ խուլիգանության հատկանիշներով։ Պատգամավորը ճանաչվել է տուժող։ Քննությամբ դեպքի հանգամանքները կպարզվեն»,-ասաց նա։
Հարցին, արդյոք Աղազարյանը ենթարկվել է բռնության, հետքեր եղե՞լ են, ՔԿ-ից հայտնեցին՝ նման տվյալներ այս պահին չունեն։
Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։