Ճապոնիան 164 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար
Քաղաքական
09:00 03/03/2023
Աշխարհ

Ճապոնիան 164 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար

Կիևում Ճապոնիայի դեսպանատան ղեկավար Կունինորի Մացուդան և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը մարտի 2-ին քննարկել են Ուկրաինային 164 մլն դոլարի չափով դրամաշնորհ տրամադրելու հարցը։

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, Ճապոնիայի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման մասնակիցները ստորագրել են դրամաշնորհի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։ Ակնկալվում է, որ Ուկրաինայի իշխանությունները ստացված միջոցները կօգտագործեն տարածքները մաքրելու, բեկորները վերացնելու և տուժած շրջաններին աջակցելու համար։

Ավելի վաղ՝ փետրվարի 1-ին, հայտնի էր դարձել, որ Ճապոնիան 170 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքների վերականգնման համար դրամաշնորհի տեսքով։ Օգնության պայմանների համաձայն՝ գումարը կուղղվի ճապոնական ապրանքներ գնելու և ծառայությունների դիմաց վճարելուն։

Հունվարի 18-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է, որ երկրի էներգետիկ օբյեկտների կեսից ավելին վնասվել է։ Նա ընդգծել է, որ երկրում վերանորոգման և վերականգնման կարիք ունեն ավելի քան 160 հազար ենթակառուցվածքային օբյեկտներ և բնակելի շենքեր։

Մինչ այդ՝ նոյեմբերի 29-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ երկիրը վերականգնելու համար կպահանջվի ավելի քան 1 տրիլիոն դոլար։ Նրա խոսքով, այժմ Կիևը մշակում է մի համակարգ, որը գործընկեր երկրներին թույլ կտա «հովանավորել» երկրի շրջանների, քաղաքների կամ ձեռնարկությունների վերականգնմանը։

 

Placeholder
Ճապոնիան 164 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Ուկրաինայի վերականգնման համար