Վրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ
Քաղաքական
12:09 06/03/2023
Տարածաշրջան

Վրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովում տարբեր խմբակցությունների պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: «Գազետա ռու»-ն ներկայացնում է այդ մասին վրացական «Առաջին ալիք»-ի տարածած հաղորդագրությունը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խորհրդարանականները ծեծկռտուք են սկսել այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին կոչ է արել դահլիճից հեռացնել մի քանի պատգամավորների։

Ինչպես նշվում է, Լևան Խաբեիշվիլին հարձակվել է իրավական հանձնաժողովի ղեկավարի վրա, երբ Գիորգի Վաշաձեն բողոքում էր քաղաքական գործչից։ Պատգամավորների ծեծկռտուքի արդյունքում նիստին ընդմիջում է հայտարարվել։

Պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել երկու վիճահարույց օրինագծերի՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագծերի քննարկման ժամանակ։ Այս երկու օրենքներն էլ ակտիվորեն քննադատվում են վրացական ընդդիմության, լրագրողների, հասարակական գործիչների և նույնիսկ արևմտյան պետությունների ներկայացուցիչների կողմից։ Խորհրդարանում նախաձեռնությունների քննարկման հերթական փուլի ֆոնին Վրաստանի օրենսդիր մարմնի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թբիլիսիում բերման են ենթարկվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարների մի քանի մասնակից։
 

 

Placeholder
Վրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկման ժամանակ