Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Ավանեսյան
Առողջություն
12:17 06/03/2023
Հայաստան

Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Ավանեսյան

Մարտի 6-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կարմրուկի 20 դեպք. վարակվածներից 19-ը հոսպիտալացվել են, մեկն էլ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ բոլոր պացինտների առողջական վիճակը գնահատում է միջին ծանրության, նրանք գտնվում են բժիշկների խիստ հսկողության տակ։

Նախարարը հայտնեց, որ կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15-ը երեխաներ են, 5-ը` մեծահասակ։

Ավանեսյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։

Նա նշեց, որ 2022 թ-ից արդեն տարածաշրջանում կային կարմրուկի դեպքեր և ակնկալում էին, որ այն կներթափանցի նաև Հայաստան։ «Առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդը երեխա է եղել, որից հետո վարակվել են այլ անձինք»,- ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ իր գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իրականացնում է հրատապ միջոցառումներ, բացի այդ, նաև որոշակի փոփոխություններ են իրականացվում՝ ակտիվացնելու ազգային օրացույցով սահմանված պատվաստումները։

«Շատ կարևոր է կարմրուկի վաղ հայտնաբերումը, կոնտակների շրջանակի հստակ պարզաբանումը և 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների կանխարգելիչ պատվաստումը, նրանց մեկուսացումը»,- ընդգծեց նախարարը։

Նշենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 6 տարեկան երեխաների համար:

Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով. առաջինը մեկ տարեկան երեխաներին, 2-րդ դեղաչափը՝ 4-ից մինչև 6 տարեկան։ Երկու դեղաչափով պատվաստված լինելու պարագայում վարակման հավանականությունը գրեթե բացառվում է։

Placeholder
Հայաստանում կարմրուկով հոսպիտալացված հիվանդներից 15–ը երեխաներ են. Ավանեսյան