Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ամուլսարը կշարունակի սար մնալ, եթե լինի ինքնաբուխ պայքար. Ջերմուկի բնակիչ
Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը, ով մշտապես ակտիվ պայքար է մղել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման դեմ, համոզված է՝ ժողովրդի հավաքական կամքի ու միասնության դեմ կայացված ցանկացած որոշում դատապարտված է ձախողման։ Հենց դրա շնորհիվ է մինչ այս պահը սարը կանգուն։ Նա նաև համոզված է՝ Ամուլսարը կշարունակի սար մնալ, եթե կրկին լինի հարակից համայնքների բնակչության մեծամասնության ինքնաբուխ պայքար։
Panorama.am-ի հետ զրույցում Շիրակ Բունիաթյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր նախկինում հստակ դիրքորոշում են ունեցել, որ սարը պետք է սար մնա, հիմա էլ նրանց դիրքորոշումը նույնն է, հակառակ կարծիք ունեցող մարդկանց չի հանդիպել իր շրջապատում։
«Պայքարը պետք է ինքնաբուխ լինի։ Ամսուլսարի համար պայքարը նոր չէ։ Նրանք, ովքեր իսկապես գիտակցել են, ունեն հստակ դիրքորոշում՝ որն է Ամուլսարի խնդիրը, անհրաժեշտության դեպքում ինքնաբուխ որոշում կկայացնեն. եթե կուզեն Ջերմուկը շարունակի մնալ որպես առողջարանային գոտի, դուրս կգան ու կպայքարեն դրա համար, եթե չէ, ուրեմն կլինի այն, ինչ կլինի»,- ասաց Ջերմուկի բնակիչը։
Նա նշեց, որ բոլոր հարթակներում էլ պետք է աշխատել. «Մենք այս պայքարում միշտ եղել ենք որպես բնակիչ, ովքեր դուրս են եկել պայքարելու իրենց իրավունքների, կեցության իրավունքի, տնտեսական իրավունքի, առողջարանային գոտու համար։ Բնապահպաններն էլ իրենք պետք է որոշեն, թե որ հարթակներում ինչ ձևով պայքարն ավելի լսելի դարձնել»։
Միաժամանակ Շ.Բունիաթյանը կարծիք հայտնեց, որ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և մի քանի այլ գործոնների համադրումը ստիպում է ՀՀ կառավարության՝ Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքած եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, Ամուլսարի շահագործման հետ կապված ներկա գործընթացները դիտարկել ուղղակի հերթական, չի պատկերացնում, որ նման իրավիճակում Ամուլսարը կարող է շահագործվել։
Բայց և այնպես, նա ընդգծեց. «Եթե մի քանի հոգով ուզեն, երազեն ու պայքարեն ընդդեմ հանքի շահագործման, ոչ մի բան էլ չի ստացվի, իսկ եթե ժողովուրդն ինքնաբուխ դուրս գա պայքարի, Ամուլսարը կշարունակի սար մնալ, մնացածը ժամանակը ցույց կտա»։
Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարի 22-ին ՀՀ կառավարությունը Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հետ կնքել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ վերսկսելու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։