Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի ընդդիմությունը կշարունակի բողոքի ակցիաները ՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետկանչին
Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցությունը, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և ուսանողները կշարունակեն բողոքի ցույցերը՝ չնայած օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հետկանչմանը։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել է կուսակցության խոսնակ Ցոտնե Կոբերիձեն։
«Այսօր անպայման ակցիա կլինի։ Երիտասարդները վստահություն չունեն «Վրացական երազանքի» նկատմամբ ։ Մենք պահանջում ենք երկու կետի կատարում։ Առաջին՝ անհրաժեշտ է հստակություն, թե ինչպես են նրանք նախատեսում հետ կանչել նախագիծը, և երկրորդ ՝ անհրաժեշտ է ազատ արձակել այն մարդկանց, որոնք պայքարել են մեզ հետ»,- հայտարարել է քաղաքական գործիչը ճեպազրույցի ժամանակ։
Նոր ակցիան նախատեսված է ժամը 19:00-ին ։ Այն կանցկացվի նաև խորհրդարանի շենքի մոտ:
Այն, որ օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը հետ է կանչվել, այսօր հայտարարել են իշխող «Վրացական երազանք» և «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունը։ Ինչպես նշվեց, «որոշ ուժեր» կարողացան բացասական լույսի ներքո ներկայացնել նախաձեռնությունը և քաղաքացիներին համոզել դրա նմանության մեջ ռուսական օրենսդրության հետ, ինչը կարելի է համարել որպես երկրի զարգացման եվրոպական ուղու մերժում։
Մարտի 7-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման, որոնք վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Հանրահավաքը ցրելու համար ուժայինները կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ընդհանուր առմամբ 133 մարդու։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծով նախատեսվում էր ստեղծել օտարերկրյա պետությունից ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և սուբյեկտների ռեգիստր։ Նախաձեռնողները հավաստիացրել են, որ դա ԱՄՆ օրենքի մեղմացված տարբերակն է, սակայն ընդդիմությունը և Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը նշել են, որ փաստաթուղթը կապ չունի դրա հետ։ Նրանց կարծիքով՝ ներկայացված օրինագիծը կրկնում է օտարերկրյա գործակալների մասին ՌԴ օրենսդրության հիմնական դրույթները։