Վերդիի «Աիդա» օպերան կրկին կներկայացվի  օպերայի և բալետի ազգային թատրոնում
Մշակույթ
16:50 09/03/2023
Հայաստան

Վերդիի «Աիդա» օպերան կրկին կներկայացվի օպերայի և բալետի ազգային թատրոնում

Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան կրկին կներկայացվի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում մարտի 21-ին և 23-ին: Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ վաստ.արտիստ Կարեն Դուրգարյան, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, բեմադրող ռեժիսոր՝ Մարիո Կորադի /Իտալիա/, բեմադրող նկարիչ՝ ՀՀ վաստ.նկարիչ Ավետիս Բարսեղյան։

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Հրաչ Գրիգորյանը Panorama.am-ին ասաց, որ «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրությունը մասշտաբային է և ներկայացվում է տարին մեկ կամ երկու անգամ։

«Ներկայացման դեկորացիաների մոնտաժումը և ապամոնտաժումը բավականին բարդ է իրականացնել, ժամանակատար է: Սակայն այժմ փորձում ենք գտնել այնպիսի լուծումների, որոնց շնորհիվ բեմադրությանն առընչվող գործընթացը կիրականացվի հնարավորինս սեղմ ժամկետներում և հնարավոր կլինի ավելի հաճախ ներկայացնելու այդ շքեղ բեմադրությունը»,- նշեց նա։

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Աիդա» օպերայի ընթացիկ բեմադրության պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին: Ներկայացմանը ներգրավված է Թատրոնի ստեղծագործական անձնակազմից ավելի քանի 350 աշխատակից:

Իտալական օպերային արվեստի գլուխգործոցներից մեկը համարվող «Աիդա» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1871 թվականին Կահիրեում, իսկ Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1941 թվականին:

Վերդին «Աիդա» օպերան գրել է Սուեզի ջրանցքի բացման առթիվ՝ եգիպտական կառավարության պատվերով: Գործողությունները տեղի են ունենում Եգիպտոսում փարավոնների տիրապետության օրոք: Երաժշտական դրաման եգիպտական զորավար Ռադամեսի և ստրկուհի «Աիդայի» սիրո մասին է:

1871 թվականի Ամանորի նախօրեին, երբ տեղի է ունեցել ներկայացման առաջնախաղը, ներկա են եղել հյուրեր աշխարհի տարբեր կողմերից: Միայն Վերդին է բացակայել այս կարևոր իրադարձությունից: Կոմպոզիտորը 46 օր անց հարազատ Միլանում ներկա է գտնվել «Աիդայի» պրեմիերային:

«Աիդան» մինչ օրս չի իջնում համաշխարհային հեղինակավոր օպերային թատրոնների բեմերից:

Placeholder