Ամուլսարն այսօր հայ ժողովրդի համար փորձաքար է.Ռուզաննա Ղազարյան
Իրավունք
10:00 10/03/2023
Հայաստան

Ամուլսարն այսօր հայ ժողովրդի համար փորձաքար է.Ռուզաննա Ղազարյան

«Խնդրի իրավական կողմն այն է, որ այս պարագայում Օրհուսի կոնվենցիան ամբողջովին խախտվում է՝ հանրության կարծիքը հաշվի չի առնվում, իսկ «Լիդիան Արմենիա»-ի դեպքում, երբ ստորգետնյա թունավոր ջրերը Ամուլսարի ընդերքից կարող են Որոտանի, Արփայի, Սևանի և վերջին հաշվով Հրազդան գետով հասնեն Արարատյան դաշտ՝ ազդակիր համայնք դառնում է Հայաստանի ողջ բնակչությունը: Մի փոքր երկրում եթե հանկարծ ողջ կենտրոնական տարածքը թունավորվեց, դրա հետևանքը ղեկավարության մեջ որևէ մեկը պատկերացնո՞ւմ է»,- Panorama.am-ին իր կարծիքը հայտնեց «Դալմա-Սոնա» բնապահպանական հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Ամուլսարի ոսկու հանքը կշահագործվի և այդ նպատակով ՀՀ կառավարությունը 250 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության ու Եվրասիական զարգացման բանկի հետ։ Նա նաև նշել էր, որ հանքի շահագործման դիմաց Հայաստանը ստանալու է «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 %-ը։

Ավելի քան 10 տարի է Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչները և բնապահպան-ակտիվիստները պայքարում են ծրագրի իրականացման դեմ՝ հայտարարելով, որ անթուլատրելի է Ջերմուկ առողջարանային քաղաքի և Հայաստանի ջրային ռեսուրսների հիմնական ակունքի մոտ ոսկու հանք շահագործել, որ այն կվտանգի Հայաստանի ողջ ջրային պաշարները, և բնակիչների առողջությունը: 

Ռուզաննա Ղազարյանը կարծիք հայտնեց, որ հանքի շահագործմանը հավանություն տված  կառավարության անդամներից ոչ մեկը հայրենասեր չէ:

«Կրկնվեմ՝ իրավական առումով Օրհուսի կոնվենցիան լրիվ խախտվել է՝ հանրության կարծիքը հաշվի չի առնված, իսկ որ իրենք ազդակիր համայնք միայն շրջակայքի համայնքներն էին համարել և Ջերմուկը չէին վերցրել, այն նույնպես խախտում էր, ստացվում է, որ տառակերությամբ էին զբաղվել:

Խնդիրներին մանրամասն  անդրադառնալու հանար շատ ժամանակ է անհրաժեշտ, բայց ես գիտեմ, որ Ամուլսարը հանք չի դառնալու, սա միանշանակա է: Մեր ժողովուրդը թույլ չի տալու: Քանի դեռ վերջնական որոշումը չի կայացվել՝  կառավարությունը պարտավոր է հետ կանգնի իր մտադրությունից ու չշարունակի այդ գործընթացը, քանի որ այն շատ վատ հետևանքներ է ունենալու:

Նրանք փորձում են հին թույլտվությունը դնեն գործարկեն, երբ որ հին թույլտվության համար հիմք հանդիսացած ՇՄԱԳ-ն դեռ այն ժամանակ արդեն պարզվել էր, որ սխալ է, խախտումներով է արված, ճիշտ չէ, թերի է և այդ թույլտվությամբ շարունակել հանք գործարկել՝ ուղղակի հանցագործություն կլինի:

Միանշանակ վստահ եմ, որ Ամուլսարը սար է մնալու և այնտեղ հանք չի լինելու: Ողջ ժողովուրդը գնալու է ու կանգնի սարի կողքը: Ուղղակի չպետք է դա թույլ տրվի նաև այն պատճառով, որ Ջերմուկի տարածքը թշնամու հայացքի տակ է և նրանք ամեն ինչ օգտագործում են մի թիզ առաջ գալու համար: Մեր կառավարությունը, գոնե սա հասկանալով, պետք է չթողնի որ ժողովուրդը գնա կուտակվի Ջերմուկում»:

Panorama.am-ի թղթակիցը հարց ուղղեց, թե որպես իրավաբան Ռուզաննա Ղազարյանը խնդիր տեսնո՞ւմ է այն երևույթի մեջ, որ կառավարությունը  Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատից հետո բաժնեմաս է վերցնում նաև Ամուլսարը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա»,-ընկերությունից:

«Խնդիրն այն է, որ պետությունն ինքը պատվիրակված իրավունք ունի և ոչ թե պետք է լինի սեփականատերը: Մեր Սահմանադրությամբ՝ երկիրը, մեր ժողովրդինն է: Ժողովրդինը, ոչ թե կառավարությանը: Կրկնեմ՝ վերջինս ունի պատվիրակված լիազորություններ: Այն, որ ինքը որոշի, որ այն իրենն է և հետո էլ օգտագործի այդ եկամուտները և հարց է, թե ում գրպանը կգնան դրանք, այդտեղ էլ հանցագործության բազմաթիվ տարրեր կան:

Իրենք ուղղակի իրավունք չունեն առանց հանրության կարծիքը հաշվի առնելու՝ հանրության, ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքը, ունեցվածքը, սարը տալ այլ սեփականատերերին՝ դարձնելով ուրիշների սեփականությունը՝ ի վնաս հայ ժողովրդի: Սա այն դեպքում, երբ այդտեղ չի կարելի նման գործողություններ կատարել: Ես ապշում եմ, որ ամեն անգամ ասում են, թե ռիսկերը կառավարելի են: Որևէ բանական մարդ չի կարող ասել, թե հնարավոր է տարերքը կառավարել: Վերջին ամսվա ընթացքում ամբողջ Մերձավոր Արևելքը, Թուրքիայում, Սիրիայում մինչև Կիպրոս և Եգիտոս երկարշարժերի շղթան գնաց: Իրենք ինչպես են պատկերացնում՝ այդ ռիսկերը կառավարելի՞ են: Այն դեպքում, երբ մենք սեյսմիկ գոտում ենք գտնվում՝ հայտարարել, թե ռիսկերը կառավարելի են և իրենք կարող են այնպես անել, որ թունավորված ստորգետնյա ջրերը այլ տեղեր չգնան, չգան հասնեն Արարատյան դաշտ՝ անմտություն է: Ուղղակի ես չգիտեմ՝ կա՛մ իրենք են մանկամիտ, կա՛մ ժողովրդին են երեխայի տեղ դնում:

Ամուլսարն այսօր հայ ժողովրդի համար փորձաքար է, եթե մենք հիմա չկարողանանք պաշտպանել մեր սարը՝ հետևանքները շատ վատ են լինելու՝ Աստված չանի»,-պատասխանեց «Դալմա-Սոնա» բնապահպանական հիմնադրամի նախագահը:

Placeholder