Արցախի ՆԳՆ-ն՝ ի պատասխան Ադրբեջանի ապատեղեկատվության
Քաղաքական
16:36 14/03/2023
ԼՂՀ

Արցախի ՆԳՆ-ն՝ ի պատասխան Ադրբեջանի ապատեղեկատվության

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել  Ադրբեջանի հերթական ապատեղեկատվության վերաբերյալ.

«Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ  Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ:

Իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Փրկարար ծառայողները շրջափակման հետևանքով Արցախում մնացած ՀՀ քաղաքացիություն ունեցող խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշին շրջանցող լեռնային ճանապարհով ուղեկցել են դեպի Հայաստանի Հանրապետություն:

Հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված էին բարձր մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը:
Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունը, առավել ևս՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում»։ 

Ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութից «Ստոպ կադր»

 

Placeholder
Արցախի ՆԳՆ-ն՝ ի պատասխան Ադրբեջանի ապատեղեկատվության