ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները եկել են Հայաստան
Հասարակություն
13:38 14/03/2023
Հայաստան

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները եկել են Հայաստան

Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 28-րդ խումբը։ Տասնվեց ամերիկացի կամավոր երկու տարի կապրի Հայաստանի տարբեր մարզերում և կծառայի ի շահ հայ ժողովրդի։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ սա Հայաստան ժամանող կամավորների առաջին խումբն է 2020թ-ից ի վեր, երբ կամավորները ստիպված էին հեռանալ Հայաստանից  COVID-19 համավարակի պատճառով։ Այդ ժամանակից մինչ  օրս  Խաղաղության կորպուսի անձնակազմը և նախկին կամավորները շարունակել են իրենց աշխատանքը դպրոցների և համայնքային խմբերի հետ՝ իրականացնելով տարբեր առցանց ծրագրեր և  դասընթացներ։

«Մենք շատ ոգևորված ենք, որ առիթ ունենք ականատես լինելու կամավորների պատմական վերադարձին Հայաստան,-ասել է Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին։ «Ես գիտեմ, որ կամավորները կծառայեն մեծ խանդավառությամբ ու եռանդով, և վստահ եմ, որ հայ և ամերիկացի ժողովուրդների միջև համագործակցության նոր հնարավորություններ և ամուր բարեկամություն կհաստատվի»։

Ըստ  Հայաստանի կառավարության հետ ունեցած համաձայնության՝ կամավորները կաշխատեն Հայաստանի տարբեր մարզերի  դպրոցներում և հասարակական  կազմակերպություններում իրենց հայ գործընկերների հետ միասին։ Նրանք կօգնեն անգլերենի ուսուցիչներին և աշակերտներին բարելավել անգլերենի հմտությունները, ինչպես նաև կաշխատեն երիտասարդների հետ՝ նրանց զինելով անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ ի նպաստ Հայաստանի համայնքների զարգացման։

Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992թ.-ից  սկսած ՝ Հայաստանի կառավարության հրավերով։ Խաղաղության կորպուսը նպաստել է երկու՝  հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։ Խաղաղության կորպուսի կամավորները հայ ժողովրդի հետ կիսվել են իրենց մշակույթով, ինչպես նաև ներկայացրել հայկական մշակույթը ԱՄՆ-ի իրենց համայնքներում։

Հայաստանում ծառայել է Խաղաղության կորպուսի ավելի քան 1.100 կամավոր։

Placeholder
ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները եկել են Հայաստան