Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը՝ ծննդյան 100-ամյակի առթիվ
Մշակույթ
11:50 15/03/2023
Հայաստան

Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը՝ ծննդյան 100-ամյակի առթիվ

«Որշման ընդունման համար հիմք է հանդիսացել «Շառլ Ազնավուրի» հիմնադրամի հետ դեռևս նախորդ տարվանից անցկացված քննարկումները, երբ առաջարկվեց Երևան քաղաքում տեղադրել Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձան»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ զեկուցելով նիստի առաջին նախագիծը, որը վերաբերում է Շառլ Ազնավուրի արձանի տեղադրման մասին նախագծին:

Ավինյանը տեղեկացրեց, որ Շառլ Ազնավուրի արձան տեղադրվելու է նաև Փարիզում և նվիրված է լինելու մեծանուն հայ երգչի 100-ամյակին, իսկ արձանը, նախնական տվյալներով, ձուլվելու է Վրաստանում:

Նա հայտնեց, որ նախնական քննարկումների ժամանակ դիտարկվել էր Շառլ Ազնավուրի հրապարակում արձանի տեղադրումը:

«Սակայն հաշվի առնելով, որ մենք ունեինք Օգյուստ Ռոդենի  «Ժյուլ Բաստիեն Լեպաժ» արձանի տեղափոխման հարցը՝ Ֆրանսիայի հրապարակում ավելի տեսանելի և քաղաքացիների համար դիտարկելի հատված, այս երկու առաջարկները միաձուլվել են մեկ որոշման մեջ և առաջարկվում է Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրել հենց Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ Օգյուստ Ռոդենի արձանը տեղափոխել նույն Ֆրանսիայի հրապարակի մայթեզրին ավելի մոտ հատված»,-հայտարարեց փոխքաղաքապետը:

Նա հայտնեց, որ հանրությունը չի կարողանում ուսումնասիրել Ռոդենի քանդակը, քանի որ հրապարակի կենտրոնում է, բայց քանդակի հանձնման պայմանագրով նախատեսված է, որ այն պետք է հասանելի լինի հանրությանը:

Ավինյանի խոսքով՝ Ռոդենի քանդակի իմաստն այն է, որ վերացվել է քանդակի և հանդիսատեսի միջև անջրպետը և այդ նպատակով քանդակի պատվանդանը փոքրացնելով, այն մոտեցրել է հանդիսատեսին:

Ավինյանը զեկուցեց նաև դերասան Սոս Սարգսյանի և ռեժիսոր Հենրիկ Մալյանի անուններով Երևանում փողոցներ անվանակոչելու մասին նախագծերը:

Placeholder
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը՝ ծննդյան 100-ամյակի առթիվ