Փաշինյանն անհետաձգելի համարեց Արցախում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը
Քաղաքական
11:58 16/03/2023
ԼՂՀ

Փաշինյանն անհետաձգելի համարեց Արցախում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը

«Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման մեջ հստակ արձանագրվել է, որ Լաչինի միջանցքի փակումը ԼՂ ժողովրդի համար կարող է բերել անդառնալի հումանիտար հետևանքների»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը և անհետաձգելի համարեց ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ Հայաստանի միջոցներ ձեռնարկելը:

Գործադիրի ղեկավարը հստակեցրեց, որ խոսը գնում է ՄԱԿ-ի շրջանակներում նախատեսված մեխանիզմների մասին  և տեղեկացրեց, որ ԱԳՆ-ին արդեն տվել է համապատասխան հանձնարարականները:

Որպես էսկալացիայի թուլացման  միջոց՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը խոսեց նաև Արցախ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը:

«Կարծում եմ՝ փաստահավաք առաքելությունը կարևոր է նաև՝ հասցեագրելու Ադրբեջանի անհիմն պնդումները, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ ունի, և որ Հայաստանից դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ են իրականացվում»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հայտարարելով, որ այս պնդումներն անհիմն են՝ նա նշեց, որ Ադրբեջանը փորձում է դրանք տարածաշրջանում ռազմական էսկալացիայի նոր պատրվակ դարձնել:

Փաշինյանը հիշեցրեց, որ իր վերջին ասուլիսում էլ տեղեկացրել է, որ այդ թեմայով խոսակցություն տեղի է ունեցել նաև Պրահայում Ֆրանսայի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպման ժամանակ:

«Ադրբեջանի նախագահը պնդում էր, որ Հայաստանը ԼՂ-ում բանակ ունի, ես պնդում էի, որ չունի, նա պնդում էր, որ ունի և ես առաջարկեցի հարցը պարզաբանելու համար միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել ԼՂ, իսկ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց»,-Հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:

Նա ընդգծեց, որ Արցախի Հանրապետությունում կա Պաշտպանության բանակ, և նրա գոյությունն արդարացված է այնքան ժամանակ, քանի դեռ Արցախւ ժողովրդի վրա կախված է էթնիկ զտումների և ցեղասպանության վտանգը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ-ին Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մեղմելուն ուղղված գործողությունների համար և հայտարարեց, թե ՌԴ-ն ինքը պետք է շահագրգռված լինի անվտանգության միջազգային մեխանիզմներ Արցախում ներգրավելու ուղղությամբ:

Նա նաև տեղեկացրեց, որ հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ  Ադրբեջանի նոր առաջարկները:

«Այսպիսով թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ: Կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները: Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:

Նա նաև հայտարարեց, որ ի հեճուկս 2020 թվականի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչ օրս Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022 թվականների ագրեսիայի հետևանքով բռնազավթած ՀՀ ինքնիշխան տարածքները:

Placeholder
Փաշինյանն անհետաձգելի համարեց Արցախում ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը