Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ
Քաղաքական
14:13 23/03/2023
ԼՂՀ

Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ

«Ես անգամ չեմ ուզում ադրբեջանական կողմի հնչեցրած այդ ձևակերպումն օգտագործել»,- «100-ից ավելի օր Արցախը շրջափակման մեջ է» թեմայով ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե այս ընթացքում Բաքուն խոսում է Արցախի ինտեգրացիայից, ինչպե՞ս է Ստեփանակերտը տեսնում այս իրավիճակում խնդրի լուծումը։ 

Նա նշեց, որ Արցախը շարունակելու է իր պայքարն իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։

«Չնայած բոլոր դժվարություններին, որոնք առկա են շրջափակման հետևանքով, Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր ընտրած  ճանապարհին, գործադրելու է բոլոր ջանքերը, ակնկալում է աշխարհասփյուռք մեր բոլոր հայրենակիցների, գործընկերների ակտիվ մասնակցությունն այս պայքարում»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը։

Ս.Ղազարյանը խորհուրդ տվեց ինտեգրացիա, ռեինտեգրացիա ձևակերպումները քիչ օգտագործել։

«Աշխարհում ընդունված է ինտեգրացիա բառը դրական ընկալել։ Այս պարագայում բացառված է որևէ նման ձևակերպում Ադրբեջանի հետ։

Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է»,- ասաց նա։

Խոսելով  ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի և Ստեփանակերտի միջև տեղի ունեցած հանդիպումներին՝ կապված տարբեր հումանիտար, տեխնիկական հարցերի հետ, նա ասաց. «Այդ հանդիպման նպատակը կայանում էր նրանում, որ քննարկվեին ապաշրջափակման իրավիճակով պայմանավորված էլեկտրամատակարարման, գազամատակարարումների խափանման հետ կապված հարցերը: Ադրբեջանական կողմի՝ հանդիպման օրակարգը խեղաթյուրելու փորձերն անընդունելի են: Սակայն միևնույն ժամանակ մենք, ռուսական խաղաղապահների միջնորդությամբ, նույն ձևաչափով պատրաստ ենք նշված հարցերի լուծման համար հանդիպումներ ունենալ։

Իսկ ինչ վերաբերում է լիարժեք բանակցային գործընթացին, բազմիցս նշել ենք, որ միայն ու միայն միջազգային ձևաչափում կարող են տեղի ունենալ նման հանդիպումներ: Հիմնավորումները բավականին պարզ են։

Հաշվի առնելով այն, որ եթե անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ընթացող բանակցություններում ձեռքբ բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը խախտում էր, ինչպե՞ս կարող է երկկողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտել: Սա բացառված է։ Միայն միջազգային ձևաչափով և նման գործընթացի կարևորագույն բաղադրիչը պետք է լինեն ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ»:

 

 

 

Placeholder
Չի կարող լինել արցախահայության ու Ադրբեջանի համատեղում, բացառված է. Արցախի ԱԳՆ