Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի Պատարա համայնքում գիտակցում են՝ ուրիշ տեղ տանիք չեն ունենալու, ուրիշ տեղ պատմություն չեն կերտելու
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա համայնքում 2020 թվականի աղետալի պատերազմից հետո 54 տեղահանված ընտանիք է հաստատվել: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Պատարա համայնքի ղեկավար Վալերի Ղահրամանյանը:
«Բնակիչների մեծ մասն ապահովված է աշխատանքով: Գյուղում սղոցագործարան, ածխի վերամշակման կետ և հացի երեք փոքրիկ արտադրամաս է գործում: Տարվա այս ժամանակահատվածում էլ մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղված: Վարելահողերն են մշակում` այն հույսով, որ ամեն ինչ կկարգավորվի ու հարատև խաղաղություն կհաստատվի մեր հայրենիքում: Հաճախ փորձում ենք հույս ներշնչել մեզնից տարիքով փոքրերին՝ օրինակ բերելով Արցախյան առաջին պատերազմի ծանր օրերն ու ձեռք բերած արդյունքը: Մենք գիտակցում ենք, որ ուրիշ տեղ տանիք չենք ունենալու, ուրիշ տեղ մեր պատմությունը չենք կերտելու, և շարունակում ենք հաստատակամորեն արարել մեր հողում»,-նշել է Վ.Ղահրամանյանը:
Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ 350 հեկտար աշնանացան են կատարել, իսկ գարնանացանի աշխատանքների համար ընդգրկել են նաև նախկինում չմշակված հողատարածքները: Վերջին շրջանում համայնքում սկսել է զարգանալ այգեգործությունը:
«Գյուղում գործում է չորս առևտրի կենտրոն: Խանութպանները պատշաճ մակարդակով սպասարկում են բնակիչներին։ Ճանապարհներն ապահովված են գիշերային լուսավորության սարքերով, բայց, հովհարային անջատումներով պայմանավորված, այս ընթացքում չենք օգտագործում:
Ամառային սեզոնին գյուղում կյանքն ավելի է աշխուժանում, քանի որ մեր համայնքը նաև հետաքրքիր հանգստավայր է արցախցիների համար»,- ասել է նա։
Անդրադառնալով գյուղի խնդիրներին՝ Վ.Ղահրամանյանն առանձնացրել է դպրոցի նոր շենքի համար սպորտդահլիճի կառուցման անհրաժեշտությունը և ընդհանրացրել` խաղաղություն լինի, ամեն ինչ կկարգավորվի։