«Հրապարակ». Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր
Օրվա մամուլ
09:10 30/03/2023
Հայաստան

«Հրապարակ». Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մարտի 25-ին ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն տարածեց, որ Ադրբեջանի զինուժը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, Շուշիի հատվածում հատել է շփման գիծը, զբաղեցրել 2054,0 բարձունքը` Եղցահողի Սարի Բաբա կոչվող լեռից 2,9 կմ դեպի հյուսիս-արևելք, և իրականացնում է դիրքի կառուցման ինժեներական աշխատանքներ:

Անմիջապես լուր տարածվեց, որ ադրբեջանական կողմը, գրավելով այս բարձունքը, իր հսկողության տակ է վերցրել Արցախ-Հայաստան լեռնաանտառային ճանապարհը, որով դեռևս որոշակի կապ էին պահպանում Հայաստանի հետ: Մեր արցախյան աղբյուրից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է տիրում,  որքան են ադրբեջանական հրոսակներն առաջ եկել:

Նշված տարածք այցելած մեր զրուցակիցն ասաց, որ նախ` ոչ թե հողային ճանապարհն են գրավել, այլ ընդհուպ մոտեցել են ճանապարհին, և այդ ճանապարհով երթևեկելը դարձել է վտանգավոր` ճանապարհը հայտնվել է նշանառության տակ, ուստի հայկական կողմը խուսափում է այդ ճանապարհն օգտագործելուց:

Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր, և դա նաև ռուսական խաղաղապահների անգործության, թողտվության հետևանքն է: Խաղաղապահները փորձում են խաղաղ միջոցներով հետ մղել ադրբեջանցիներին` կոչ են անում, հորդորում են հետ քաշվել ելման դիրքեր, բայց առայժմ՝ անարդյունք: Բացի այդ, մշտապես փոխհրաձգություններ են լինում հայկական պաշտպանական բանակի և ադրբեջանցի զինյալների միջև: Բայց զոհեր ու վիրավորներ չունենք:

Ինչ վերաբերում է հողային, այլընտրանքային ուղիներին, ապա Լիսագորի այս ճանապարհից բացի, այլ շրջանցող ճանապարհներ էլ կան, որոնք կարող են օգտագործվել Հայաստան-Արցախ կապը պահելու համար, բայց դրանք դժվարանցանելի են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Հրապարակ». Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր