Ատեստավորման արդյունքում ոստիկանը կրկնակիի չափով հավելավճար կստանա. Արփինե Սարգսյան
Իրավունք
15:45 03/04/2023
Հայաստան

Ատեստավորման արդյունքում ոստիկանը կրկնակիի չափով հավելավճար կստանա. Արփինե Սարգսյան

«Ոստիկանությունում ներդրվում է ատեստավորման համակարգ, որը թույլ կտա ստուգելու թե՛ տվյալ պաշտոնում անձի համապատասխանությունը, թե՛ դրա արդյունքում հաշվարկել համապատասխան հավելավճար, որը կլինի աշխատավարձի կրկնակիի չափով»,-ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարը ներկայացրեց «Ոստիկանությունում ծառայության մասին»  և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը

Նա հայտնեց, որ եռամյա ժամանակահատվածում ոստիկանը պետք է ենթարկվի ատեստավորման, որի միջոցով ղեկավարությունը կարող է իմանալ, թե որակյալ, բանիմաց ոստիկանի հետ գործ ունեն, թե ոչ:

«Եթե մեր պատասխանը դրական է, ապա անձը համարվում է ատեստավորումը հանձնած և կստանա հավելավճար: Եթե ոչ, ապա առաջին փորձից հետո անձն ունի ևս երկու հնարավորություն  կրկին անցնելու ատեստավորում և ստանալ հավելավճար»,-ասաց Սարգսյանը և հավելեց. «Բայց եթե երրորդ տարվա ավարտին անձն այդպես էլ չի կարողանում հաջող հանձնել ատեստացիան, ապա այն ծառայությունից արձակման հիմք ենք դիտարկում ՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով»:

Ըստ նախարարի տեղակալի՝ եռափուլ ատեստավորման առաջինն աստիճանով ընդհանուր զարգացվածությունն է որոշվելու , երկրորդ փուլով՝ կրակային և ֆիզիկական պատրաստվածությունը և երրորդ՝ մասնագիտական գիտելիքների ստուգման փուլի ընթացքում, եթե ոստիկանը նախատեցված 50 հարցերից 30-ին ճիշտ պատասխանի, ապա կհամարվի ատեստավորված:
 

Նա հայտնեց, որ ատեստացիայի ենթակա չեն ոստիկանության բարձրագույն պաշտոնյաները և ՆԳՆ-ի աշխատակազմում աշխատողները:

Placeholder
Ատեստավորման արդյունքում ոստիկանը կրկնակիի չափով հավելավճար կստանա. Արփինե Սարգսյան