Թաղավարդ-Կալերի դպրոցը թշնամու ուղիղ նշանառության տակ է կազմակերպում ուսումնական գործընթացը
Կրթություն, գիտություն
15:30 03/04/2023
ԼՂՀ

Թաղավարդ-Կալերի դպրոցը թշնամու ուղիղ նշանառության տակ է կազմակերպում ուսումնական գործընթացը

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի  Թաղավարդ-Կալեր առաջնագիծ դարձած  համայնքի դպրոցի համար առաջնային խնդիրը շարունակում է մնալ անվտանգության ապահովումը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կրթօջախի  տնօրեն Մարգարիտա Սահակյանը:

«Դպրոցի բակը թշնամու ուղիղ նշանառության տակ է, սակայն մենք այս պայմաններում անգամ շարունակում ենք մեր դասապրոցեսը: Ֆիզկուլտուրայի պարապմունքներն անց են կացվում բակում, ինչը վտանգավոր է: Ինքս միշտ դուրս եմ գալիս բակ ու կանգնում աշակերտների կողքին, մինչև դասաժամն ավարտվի»,-նշել է Մ. Սահակյանը: 

Տնօրենի խոսքով, մինչև  44-օրյա պատերազմը 9-ամյա հիմնական կրթօջախում սովորում էր 54 աշակերտ, իսկ այսօր՝ 36:

«Աշակերտների մի մասն ընտանիքներով մնացել է Ստեփանակերտում, ոմանք էլ, հաշվի առնելով, որ դպրոցը թշնամու ուղիղ դիտակետում է, հաճախում են հարևան Կարմիր շուկա համայնքի դպրոց: Եվ քանի անվտանգության հարցը շարունակում է օրախնդիր մնալ, աշակերտների թիվը դժվար ավելանա։ Այս ուսումնական տարում  9-րդ դասարանը կավարտի 8 աշակերտ,  կընդունենք երեք առաջին դասարանցիների: Կրթօջախում դասավանդում են իրենց գործին գիտակ մասնագետներ»,-ասել է նա։

Մ. Սահակյանի հավաստմամբ, դպրոցի ուսուցիչների ու աշակերտների համար այս պահին ամենակարևորը հարատև խաղաղության հաստատումն է:

«Այլ ելք չունենք, պիտի մնանք ու շարունակենք  ապրել մեր հայրենիքում, շարունակենք կրթել ու դաստիարակել մեր աշակերտներին: Նրանք աշակերտ լինելու հետ մեկտեղ նաև  մարտիկներ են, ովքեր, անտեսելով վախը, թշնամու դիտակետում լինելու փաստը, ամեն օր մեծ սիրով են հաճախում դպրոց, որպեսզի մի նոր բան սովորեն»,-ասել է դպրոցի տնօրենը:

 

Placeholder
Թաղավարդ-Կալերի դպրոցը թշնամու ուղիղ նշանառության տակ է կազմակերպում ուսումնական գործընթացը