Movies That Matter կինոփառատոնում «Ավրորայի լուսաբացը» հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» անվանակարգում
Մշակույթ
11:09 03/04/2023
Հայաստան

Movies That Matter կինոփառատոնում «Ավրորայի լուսաբացը» հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» անվանակարգում

Այսօր ամփոփվել են Movies That Matter կինոփառատոնի հանդիսատեսի քվեարկության արդյունքները, որի արդյունքում «Ավրորայի լուսաբացը» հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» անվանակարգը/AUDIENCE AWARD:

Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ նույն փառատոնում ֆիլմը նոմինացված էր Camera Justitia (արդարության տեսախցիկ) մրցանակին և արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակման:

Կինոփառատոնը Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված խոշոր միջոցառումներից է, որը տեղի է ունենում Խաղաղության և արդարության միջազգային քաղաք Հաագայում։

Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմի (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas») ռեժիսոր և սցենարիստն է Իննա Սահակյանը, պրոդյուսերները` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Ֆիլմի մասին

Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը: Բարեբախտաբար, նրան հաջողվում է փախչել Ամերիկա, որտեղ նրա կյանքի ողբերգության պատմությունը դարձավ մշակութային իսկական սենսացիա: Ավրորայի կյանքի պատմության հիման վրա նկարահանված ֆիլմը, որտեղ ինքը հանդես է գալիս գլխավոր հերոսի կերպարում, ցնցեց Ամերիկան՝ նրան դարձնելով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամեծ բարեգործական արշավի դեմքը: Նրա կյանքի ոդիսականը պատմում է, թե ինչպես է հերոսուհին դիմակայում ճակատագրի դաժան հարվածներին, անցնում ցավի ու դառնության միջով՝ չկորցնելով կյանքում ամենակարևորը՝ մարդ մնալու կարողությունը:

Placeholder
Movies That Matter կինոփառատոնում «Ավրորայի լուսաբացը» հաղթել է «Հանդիսատեսի մրցանակ» անվանակարգում