Առաջին երեք ամսում Հայաստանում ունեցել ենք 450 հազար զբոսաշրջիկ.Սիսիան Պօղոսեան
Տնտեսություն
13:39 07/04/2023
Հայաստան

Առաջին երեք ամսում Հայաստանում ունեցել ենք 450 հազար զբոսաշրջիկ.Սիսիան Պօղոսեան

«Տարվա առաջին երեք ամսում ունեցել ենք 450 հազար զբոսաշրջիկ, 2019 թվին՝ 360 հազար»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

Նա տեղեկացրեց, որ զբոսաշրջիկների հիմնական հոսքը եղել է ՌԴ-ից, Իրանից, Վրաստանից և Դուբայից:

Միայն մարտ ամսին, ըստ Պօղոսեանի, Հայաստան է այցելել 160 հազար զբոսաշրջիկ՝  2019 թվականի 118 հազարի դիմաց:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ աջակցելու են զբոսաշրջության ոլորտի 10 գործարար ծրագրի, իսկ կոմիտեի թիրախում են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը, ԱՄՆ-ի հայկական սփյուռքը, աշխատում են նաև Ֆրանսիայի, Գերամնիայի, Դուբայի շուկաների վրա, սկսվել են թռիչքներ նաև Իտալիայից և Լատվիայից:

Սիսիան Պօղոսեանը  հայտնեց, որ Երևանում մայիսի 27-28-ին  ժամը 10:00-20:00-ն տեղի է ունենալու «Ճանաչիր Հայաստանը» զոբոսաշրջային ցուցահանդեսը,  որում ներկայացվելու են բոլոր մարզերը և շեշտը դրվելու է 4 ուղղության՝ մշակույթի,  խոհանիոց-գինու, բնության և արկածային տուրիզմի վրա:

Նա տեղեկացրեց, որ բոլոր տաղավարներում լինելու են բուկլետներ, որոնք կներկայացնեն մարզերի  տեսարժան վայրերը և զբոսաշրջիկներին հետաքրքրող օբյեկտները, նաև կոնֆերանս է կազմակերպվելու ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

«Մենք կարևորում ենք մարզերի զարգացումը զբոսաշրջության ուղղությամբ և այդ պատճառով էլ այս տարի երկրորդ անգամ անցկացնելու ենք ներքին զբոսաշրջության ցուցահանդեսը»,-ասաց Պօղոսեանը և հայտարարեց, որ եթե մասնակցել ցանկացողները մինչև ցուցահանդեսը գրանցվեն, ապա կմասնակցեն խաղարկություններին, որոնց ժամանակ տարբեր մրցանակներ են լինելու:

Placeholder
Առաջին երեք ամսում Հայաստանում ունեցել ենք 450 հազար զբոսաշրջիկ.Սիսիան Պօղոսեան