Ո՞ւր կորավ կարմրուկը
Առողջություն
14:57 12/04/2023
Հայաստան

Ո՞ւր կորավ կարմրուկը

Առողջապահության նախարարությունը, որ ամենօրյա ռեժիմով հայտարարում էր կարմրուկի գրանցված դեպքերի, հոսպիտալացվածների, դուրս գրվածների թվի, պատվաստվելու անհրաժեշտության մասին, հանկարծ լռեց։

Գերատեսչությունը վերջին անգամ  հիվանադացության մասին տվյալներ հրապարակել է մարտի 29-ին՝ երկու շաբաթ առաջ, ըստ որի կարմրուկի հիվանդացության 85 դեպք է գրանցվել, որից 7-ը հսոպիտալացված է։ Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակներ:

Ինչպե՞ս է փոխվել կարմրուկի հիվանդացության վերաբերյալ վիճակագրությունը մարտի 29-ից ի վեր, քանի՞ նոր դեպք է գրանցվել, առավել շատ դեպքեր ո՞ր բնավայարերում են գրանցվում։ Այս ու այլ հարցեր Panorama.am-ն ուղղեց ԱՆ-ին։

«Այս պահին համաճարակը բավականին հանդարտ փուլում է, առանձնապես էական աճ չկա գրանցված։ Ցուցանիշները գրանցում ենք և համաճարակաբանական կորը տարվում է արդեն հաստատված լաբորատոր դեպքերով՝ ըստ դիմելիության»,-ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը՝ խուսափելով կարմրուկի դեպքերի հստակ թվեր հրապարակելուց։

Նրա խոսքով, առաջիկա օրերին ԱՆ-ն թարմացված տվյալներ կհրապարակի։

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նույնպես Panorama.am-ին նման վիճակագրություն չտրամադրեցին՝ նշելով, որ թարմացված տվյալները կհրապարակի ԱՆ-ն։

Հիշեցնենք՝ կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Placeholder
Ո՞ւր կորավ կարմրուկը