Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են. Տեղից մանրամասներ է հայտնում պատգամավորը
Քաղաքական
11:43 12/04/2023
Հայաստան

Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են. Տեղից մանրամասներ է հայտնում պատգամավորը

«Երեկ մեր տղաներն իսկապես հերոսաբար պայքար են մղել, մեր տղաների ոգին տեղն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, ով երեկ թշնամու հարձակումից անմիջապես հետո խմբակցության անդամների հետ մեկնել է Սյունիքի մարզ՝ Տեղ համայնք։

Նա ընդգծեց, որ ամբողջ հարցն այն է, թե ինչու մինչև այս պահն այդ հատվածում դիրքը կահավորված չէր ու նախապատրաստական աշխատանքներ չէին արել դիրքային կահավորանքի հետ կապված։

«Դրա հիմնական մեղավորներն ու պատասխանատուները, իհարկե, քաղաքական ղեկավարություն է, ովքեր շատ լավ գիտեին, որ ապրիլի 1-ից պետք է տեղակայումներ լինեին, բայց մինչև ապրիլի 1-ը հանցավոր անգործություն են դրսևորել, նախաձեռնողականություն չեն դրսևորել, դիրքային համապատասխան կահավորանք չեն իրականացրել, որի արդյունքում ադրբեջանցիներն առաջ են եկել ու տեղակայվել են մեր երկրի տարածքում։ Երեկվա իրադարձությունները ևս եղել են մեր երկրի սուվերեն տարածքում։  Ադրբեջանցիները փորձել են խոչընդոտել մեր տարածքում գտնվող դիրքի կահավորումը։ Իրենք երեկ առաջ չեն եկել, բայց իրենք արդեն առաջ եկած էին»,- ասաց Ա. Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին առաջնագծում հարաբերական անդորր է, բնակիչների շրջանում խուճապ չկա։

«Բոլորն էլ պատրաստ են ցանկացած զարգացումների։ Պատրաստ են իրենց հողը, իրենց տունը պահելու համար պայքարել մինչև վերջ, ուժեղ են, այլ խնդիր է՝ որքանով է պինդ իրենց թիկունքը, այսինքն որքանով է պետությունը՝ կենտրոնական իշխանությունների դեմքով, պահում իրենց թիկունքը։

Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են, հասկանում են, որ կարող են ցանկացած պահի այլ իրավիճակի առաջ կանգնել, բայց բոլորն իրենց տեղերում են»,- ասաց Գրիգորյանը։

Նա նաև ասաց, որ այս պահին Սյունիքի մարզի այլ հատվածում են, բայց այսօր էլի գնալու են Տեղ, հիմնականում այնտեղ են լինելու։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային  միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, հայկական կողմը դիրքային որևէ կորուստ չունի:

Placeholder
Բնակիչները տարհանված չեն, շատ զգոն են. Տեղից մանրամասներ է հայտնում պատգամավորը