«Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս». Արցախից արձագանքում են Փաշինյանին
Քաղաքական
17:58 18/04/2023
ԼՂՀ

«Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս». Արցախից արձագանքում են Փաշինյանին

Ազգային ժողովում այսօր Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական ու ընդդիմադիր պատգամավորների հարցերին պատասխանելով՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ տարբեր հայտարարություններ է արել։ Դրանց վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, քաղաքագետ, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանին։

Դավիթ Բաբայան-Ես չեմ ուզում մեկանաբանել իր կամ որևէ մեկի հայտարարությունը, դա իմ մասնագիտությունը չէ։ Ես կարող եմ ասել հետևյալը. Արցախն ինքնորոշվել է, ինքնորոշվել է  իր անքակտելի իրավունքի հիման վրա, ինքնորոշվել է Խորհրդային միության գործող և միջազգային օրենքներին խիստ համահունչ։ Հետևաբար, սա մի փաստ է, և մենք չենք  լինելու Ադրբեջանի կազմում։

Ավելին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գինը չպետք է լինի Արցախը։ Հասկանալի է, որ տեսականորեն կարելի է մտածել, որ  բարելավումը կարող է բերել  բարեկեցության, ներդրումների, բայց, Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, մենք ներդրում ենք ունենում մեր սեփական թաղման գործում, թաղման գործընթացն ենք ֆինանսավորում։ Կարծում եմ, սա շատ պարզ է բոլորի համար։

Panorama.am-Փաշինյանը հայտարարել է, որ «Հայաստանը, 2007 թվականին Մադրիդյան սկզբունքներն ընդունելով որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս», «մենք ճանաչել ենք, բայց չենք ասել և բոլոր պատերազմները, կռիվները դրա հետ են կապված եղել»։

Դավիթ Բաբայան-Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս, այդ թվում նաև ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ով Արցախում բացեիբաց ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, հետևաբար ինչի՞ մասին է խոսքը, որտե՞ղ է գրված, որ Ադրբեջանի մաս է։ Ալիևն ինքն է հայտարարել, որ ամբողջ աշխարհն իրեն ճնշում է, որ ճանաչի Արցախի անկախությունը։

Panorama.am- Փաշինյանը նաև հայտարարել է, որ Արցախի Հանրապետության (ինքն ասել է՝ Լեռնային Ղարաբաղի.- խմբ) իշխանությունը տեղյակ է եղել իր բոլոր քայլերին։ Արդյո՞ք տեղյակ է եղել, հավանություն է տվել կամ չի տվել։

Դավիթ Բաբայան- Ես չգիտեմ՝ ինչ քայլերի մասին է  ինքն ասում, թող անուններ տա՝ ով էր տեղյակ, ով տեղյակ չէր, մեզ համար գոյություն ունի ընդհանուր մոտեցում, տեսլական. Արցախի ժողովրդի և իշխանության տեսլականը չի փոխվել։

Panorama.am-Շնորհակալություն։
 

Placeholder
«Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս». Արցախից արձագանքում են Փաշինյանին