ՊՈԱԿ-ների միավորումը շարունակվելու է. Ժաննա Անդրեասյան
Կրթություն, գիտություն
15:13 19/04/2023

ՊՈԱԿ-ների միավորումը շարունակվելու է. Ժաննա Անդրեասյան

«Նախորդ տարի տեղի ունեցավ Կամերային երաժշտության թատրոնի միավորումը Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնին, կառուցվածքի իմաստով ինչ-որ լուծումներ գտնվել են»,- Ազգային ժողովում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը։

Նրա խոսքով, բնականաբար,  մարդիկ կան, ովքեր գուցե դուրս են մնացել, մարդիկ կան, ովքեր շարունակում են աշխատանքը։

«Համենայնդեպս, այս գործընթացին պետք չէ վերաբերել շատ ցավոտ։ Ընդհանրապես, մենք պետական թատրոն հասկացության հետ առնչվելու խնդիր ունենք»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

Ըստ Ժ. Անդրեասյանի, թատրոնը կարող է լինել ոչ պետական։

«Մենք այսօր ունենք շատ ակտիվորեն գործող մասնավոր թատրոններ, ընդ որում  նաև մարզերում։ Կարծում եմ, որ պետության  քաղաքականությունը պետք է լինի խրախուսել ստեղծագործող խմբերին իր տարբեր գործիքների միջոցով և ունենալ շենքներ, որոնք պատշաճ պայմաններում պահպանվում են և որտեղ այս ստեղծագործող խմբերը  կարող են իրենց ելույթներն ունենալ»,- ասաց նա։

Ժ. Անդրեասյանը հայտարարեց, որ այդ իմաստով ՊՈԱԿ-ների միավորումը շարունակվելու է։

«Հիմա մենք խոսում ենք Գոյ թատրոնի ու Սունդուկյանի անվան թատրոնի մասին, բայց սա կառավարության ծրագրի թիրախ է և այս քաղաքականությունը շարունակվելու է»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։

Placeholder
ՊՈԱԿ-ների միավորումը շարունակվելու է. Ժաննա Անդրեասյան