Զինվորական կացարանում մահացած 15 զինծառայողների ծնողների պահանջին որևէ մեկը չի արձագանքել
Իրավունք
16:22 19/04/2023

Զինվորական կացարանում մահացած 15 զինծառայողների ծնողների պահանջին որևէ մեկը չի արձագանքել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի  զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների ծնողների պահանջներիին որևէ մեկը դեռ չի արձագանքել։

Հիշեցնենք, որ երեկ նրանք փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի հետ։ Ավելի ուշ ճանապարհը բացվեց։

«Ճանապարհը բացվել է հետևյալ պայմանով. Գեղարքունիքի մարզպետը խոստացավ, որ այսօր ինքն անձամբ ինձ կզանգահարի ու կտեղեկացնի կառավարության դիրքորոշումը՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի ծնողների հետ հանդիպման հնարավորության մասին։ Մինչ այս պահը ես այդ զանգը չեմ ստացել»,-Panorama.am-ի հետ զրույցում ժամը 16։15-ին ասաց տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։

Նրա խոսքով, այսօր դեռ կսպասեն մարզպետի զանգին, ինչից հետո կորոշեն հետագա անելիքներն ու կտեղեկացնեն դրանց մասին հանրությանը։

Հիշեցնենք,  Ն. Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ծնողների հետ եղել են Ազատ գյուղում, նրանց մասնակցությամբ իրականացվել է կարևոր քննչական գործողություն։ Վերադարձի ճանապարհին զինծառայողների ծնողները որոշել են փակել ճանապարհը՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը գան ու բացատրեն, թե ինչու դեպքից երեք ամիս անց ոճրագործությունը բացահայտված չէ։

 

Placeholder
Զինվորական կացարանում մահացած 15 զինծառայողների ծնողների պահանջին որևէ մեկը չի արձագանքել